Պակիստանի ավիահարվածները Քաբուլին. Ի՞նչ է կատարվում
Գրանցվել
Գրանցվել
Պակիստանը կրկին ավիահարվածներ է հասցրել Քաբուլին
15 ՀՈԿ 2025 13:30
Պակիստանը կրկին ավիահարվածներ է հասցրել Քաբուլին

Պակիստանը կրկին ավիահարվածներ է հասցրել Քաբուլին

15 ՀՈԿ 2025 13:30
Աֆղանստանի և Պակիստանի միջև սահմանային լարվածությունը վերաճել է նոր, արյունալի բախումների։ Մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ Պակիստանը կրկին ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլին։
Պակիստան-Աֆղանստան հարաբերությունների լարումը սկսվել է օրեր առաջ։ Երկու կողմերն էլ միմյանց են մեղադրում ագրեսիայի մեջ՝ ներկայացնելով զոհերի և վիրավորների տվյալների իրենց տարբերակները, որոնք կտրուկ հակասում են միմյանց։ Վերջին միջադեպը տեղի է ունեցել Դյուրանդի գծի՝ երկու երկրների միջև պաշտոնական սահման համարվող հատվածում։
Աֆղանական վարչակազմի պնդմամբ, որը ներկայացրել է կառավարության ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը, պակիստանական ուժերն են առաջինը հարձակվել։ Ինչպես հաղորդում է Tolo News-ը, «Քանդահար նահանգի Սփին-Բոլդակ շրջանում թեթև և ծանր սպառազինության կիրառմամբ պակիստանական ուժերի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 12 խաղաղ բնակիչ»։ Նրա խոսքով՝ ևս 100-ից ավելի մարդ վիրավորվել է։ Մուջահիդը պնդում է, որ աֆղանական ուժերը «ստիպված են եղել պատասխան միջոցներ ձեռնարկել», որոնց ընթացքում «ոչնչացվել են մի քանի պակիստանցի զինվորականներ, գրավվել են նրանց անցակետերն ու բազաները, ինչպես նաև ոչնչացվել են որոշ ռազմական օբյեկտներ»։ Աֆղանական կողմը նաև հրապարակել է դեպքի վայրից տեսանյութեր։
Իսլամաբադը, սակայն, ներկայացնում է իրադարձությունների բոլորովին այլ պատկեր։ Dawn թերթը, հղում անելով Պակիստանի զինված ուժերի հասարակայնության հետ կապերի վարչությանը (ISPR), հայտնում է, որ աֆղանական ուժերն են հարվածներ հասցրել Սփին-Բոլդակ շրջանի չորս տարբեր կետերի։ Ըստ պակիստանյան կողմի, իրենց զորքերը պատասխանել են հարձակումներին, որի արդյունքում «ոչնչացվել է 15-ից 20 աֆղան զինծառայող, ևս շատերը՝ վիրավորվել»։
Սահմանային այս սրացումը մեկուսացված միջադեպ չէ, այլ վերջին շաբաթների ընթացքում աճող լարվածության շարունակությունը։ Հոկտեմբերի 9-ին Քաբուլում տեղի ունեցած պայթյուններից հետո աֆղանական իշխանությունները մեղադրեցին Պակիստանին։ Հոկտեմբերի 11-ին Փաքթիա նահանգում երկու երկրների սահմանապահ զորքերի միջև թեժ փոխհրաձգություն էր տեղի ունեցել։ Այդ բախումների վերաբերյալ ևս կողմերը ներկայացրել էին իրարամերժ տվյալներ. աֆղանական կողմը հայտարարում էր 58 պակիստանցի զինվորի սպանության մասին՝ խոստովանելով 9 զոհ սեփական կողմից, մինչդեռ Պակիստանը հայտնում էր 23 զոհի և ավելի քան 200 «ահաբեկիչների» վնասազերծման մասին։ Այդ ժամանակ, ըստ Մուջահիդի, մարտական գործողությունները դադարեցվել էին Կատարի և Սաուդյան Արաբիայի միջնորդությամբ։ Ներկայիս իրավիճակը ցույց է տալիս, որ հրադադարը փխրուն էր, և հակամարտությունը կարող է նոր թափ ստանալ։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել