Ադրբեջանով ցորեն ներկրողը Սամվել Ալեքսանյանի ընկերությունն է
7 ՆՈՅ 2025 13:30

Ադրբեջանով ցորեն ներկրողը Սամվել Ալեքսանյանի ընկերությունն է
7 ՆՈՅ 2025 13:30
Ռուսաստանից Հայաստան ցորենի ներկրումն Ադրբեջանի տարածքով իրականացնող ընկերությունը «Բաղրամյան» ՍՊԸ-ն է։ Այս տեղեկությունը Aysor.am-ի հետ զրույցում հաստատել է ընկերության տնօրեն Վլադիմիր Գասպարյանը՝ ներկայացնելով տնտեսական և լոգիստիկ այս որոշման հիմնավորումները։
Գասպարյանի խոսքով, առաջին խմբաքանակի անխոչընդոտ տեղ հասնելը արդեն իսկ իրողություն է։ «Եղավ այն, ինչ եղավ. 35 տարի չէր եղել, հիմա փաստ է՝ ցորենը եկել է։ [...] Խոսքը վերաբերում է պարենային անվտանգությանը, թե ինչ նշանակություն ունի պետության համար։ Եթե ՀՀ-ում բեռի հետ կապված մի ամիս խնդիր լինի, ու մեր ենթադրյալ կասկածների հիման վրա չբերեինք և այս հնարավորությունից չօգտվեինք, ինչքանո՞վ ճիշտ կլիներ։ Կարծում եմ՝ մի ավել ճանապարհ ունենալը, ավել դուռ բացվելը միայն ողջունելի է», - ասել է նա։
Ընկերության տնօրենը որպես կարևոր հիմնավորում առանձնացրել է Վերին Լարսի անցակետի թեթևացման հնարավորությունը, որը տարիներ շարունակ մնում է հայկական բեռնափոխադրողների գլխավոր մարտահրավերը։ «Ընդհանուր առմամբ, դուք պատկերացնո՞ւմ եք Լարսի ծանրաբեռնվածությունը սրանով ինչքան կթեթևանա։ Դրան էլ գումարած՝ ՌԴ մուտքի 90 օրվա սահմանափակումը վարորդների համար։ Մինչև օրս այդ հարցը չի լուծվել, շատ վարորդներ չեն կարողանում գնալ», - մանրամասնել է Գասպարյանը։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք այս նոր ճանապարհը կհանգեցնի հացի գնի նվազման, Գասպարյանը նշել է, որ էական ազդեցություն սպասել պետք չէ։ Նրա խոսքով, ցորենի գինը մնում է նույնը, իսկ տրանսպորտային ծախսը, թեև ավելի էժան է, սակայն ոչ զգալի չափով։ «Ոչ թե 50 տոկոս կամ 20 տոկոս, այլ ավելի փոքր թիվ է», - պարզաբանել է նա։
Իսկ մտահոգությանը, թե Ադրբեջանը կարող է մի օր որոշել փակել ճանապարհը, տնօրենը պատասխանել է, որ դա իրենց վերահսկողությունից դուրս է, սակայն ընկերությունն ունի այլընտրանքային ծրագիր։ «Եթե որոշի փակել, մենք մեր մեքենաներով էլի կբերենք այնպես, ինչպես մինչ այս ճանապարհի բացելն էր՝ էլի Փոթիով լաստանավով կբերենք», - վստահեցրել է նա։
Ներկրման ապագա ծավալների և Ադրբեջանի կողմից սահմանված տարանցման պայմանների մասին Գասպարյանը դեռևս հստակ տվյալներ չի հայտնել՝ նշելով, որ ընդհանուր վճարումները կատարվում են ռուսական կողմի հետ։
Նշենք, որ «Բաղրամյան» ՍՊԸ–ն պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին և ցորենի շուկայում ունի գերիշխող՝ ավելի քան 50 տոկոս մասնաբաժին։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել