Ադրբեջանն ու Իրանը խորացնում են տնտեսական կապերը
23 ՍԵՊ 2025 10:40

Ադրբեջանն ու Իրանը խորացնում են տնտեսական կապերը
23 ՍԵՊ 2025 10:40
Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական և տրանսպորտային համագործակցությունը վերադառնում է ակտիվ փուլին։ Թեհրան կատարած այցի շրջանակում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպումներ է ունեցել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելով երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք առանցքային նախագծեր։
Մուստաֆաևի և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի հանդիպման առանցքում են եղել համատեղ իրականացվող տրանսպորտային նախագծերի ընթացիկ վիճակը և զարգացման հեռանկարները։ Կողմերը մանրամասն քննարկել են Ադրբեջանի և Իրանի միջև տնտեսական, առևտրային և հումանիտար ոլորտներում համագործակցության պետական հանձնաժողովի վերջին նիստի արդյունքներով ստորագրված փոխըմբռնման հուշագրի կատարման ընթացքը։
Հատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրների համար ռազմավարական նշանակություն ունեցող համատեղ ենթակառուցվածքային նախագծերին։ Մասնավորապես, տեղեկատվություն է տրամադրվել Աղբենդի ուղղությամբ Արաքս գետի վրա կառուցվող կամրջի շինարարության ընթացքի, ինչպես նաև Կալալե-Ջուլֆա ճանապարհի ընդլայնման աշխատանքների վերաբերյալ։
Բացի ցամաքային ուղիներից, կողմերը գոհունակություն են հայտնել Բաքու-Թեհրան-Բաքու և Բաքու-Թավրիզ-Բաքու ուղիղ ավիաչվերթների գործարկման կապակցությամբ։ Քննարկվել է նաև այդ չվերթների քանակի ավելացման հնարավորությունը՝ նպատակ ունենալով խթանել զբոսաշրջային և գործարար կապերը։
Այցի շրջանակում ադրբեջանական պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանի հետ։ Այս հանդիպման մանրամասները չեն հաղորդվում, սակայն փաստ է, որ Թեհրանն ու Բաքուն ձգտում են ընդլայնել համագործակցությունը ոչ միայն տրանսպորտի, այլև էներգետիկայի ոլորտում, որը երկուսի համար էլ կենսական նշանակություն ունի։
Ջերմացման նոր ալիքը հետաքրքիր է այն առումով, որ հաջորդեց Ադրբեջան-Իրան լարվածության հերթական փուլին՝ կապված Իրանի վրա Իսրայելի հարձակման ու հարակից զարգացումների հետ։ Ի դեպ, ոչ պաշտոնական, բայց բավական ազդեցիկ շրջանակներ Թեհրանից Բաքվին մեղադրում էին Իսրայելին աջակցելու, ընդհուպ մինչև՝ նրան Իրանի վերաբերյալ հետախուզական տվյալներ տրամադրելու համար։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել