44-օրյա պատերազմը կանխելի՞ էր. Փաշինյան vs Սարգսյան
8 ՆՈՅ 2025 08:38

44-օրյա պատերազմը կանխելի՞ էր. Փաշինյան vs Սարգսյան
8 ՆՈՅ 2025 08:38
44-օրյա պատերազմից տարիներ անց դրա պատճառների և կանխելու հնարավորության շուրջ բանավեճը շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական օրակարգի առանցքային թեմաներից։ Թեմային, ի պատասխան ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունների, կրկին անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը հայտարարել է, որ 2020 թվականի պատերազմից խուսափելու միակ իրատեսական տարբերակը Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն էր։
«Մենք առաջին քայլով պետք է ընդունեինք, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում պետք է լինի», – այս դիրքորոշումն է ներկայացրել Փաշինյանը՝ փաստացի պնդելով, որ ցանկացած այլ սցենար անխուսափելիորեն հանգեցնելու էր ռազմական բախման։ Այս թեզը ենթադրում է, որ բանակցային գործընթացի տրամաբանությունը և միջազգային իրողությունները այլընտրանք չէին թողել հայկական կողմին։
Այս տեսակետին կտրականապես համաձայն չէ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նոյեմբերի 7-ին «Իմնեմնիմի» փոդքասթի եթերում նա պնդել է, որ 44-օրյա պատերազմն անխուսափելի չէր, և դրա սանձազերծման համար առկա էին երեք հիմնական պատճառ։
«Առաջին պատճառը բանակցային գործընթացից խուսափելն էր և ընդհանրապես հրաժարվելը», – նշել է Սարգսյանը։ Նրա խոսքով, իշխանության կողմից «անհասկանալի տարբերակ» առաջարկելը հանգեցրել է բանակցությունների դադարեցմանը։
Որպես երկրորդ պատճառ՝ նախկին նախագահը մատնանշել է հայկական կողմի այնպիսի գործողությունները, որոնք Ադրբեջանին հնարավորություն տվեցին արդարացնել սեփական ռազմական նախահարձակությունը։
Երրորդ և վճռորոշ գործոնը, ըստ Սարգսյանի, բանակի մարտունակության անկումն էր։ Նա պնդում է, որ «ադրբեջանական և թուրքական հետախուզությունները շատ լավ տիրապետում էին մեր բանակում տիրող իրավիճակին և տեսնում էին, որ մեր բանակի մարտունակությունը բավականին ընկել էր»։
Այսպիսով, եթե գործող իշխանությունը պատերազմը ներկայացնում է որպես ճակատագրական անխուսափելիություն, որից հնարավոր էր խուսափել միայն ազգային շահերի համար ամենացավոտ զիջման գնով, ապա նախկին ղեկավարը պնդում է, որ այն 2018 թվականից հետո վարած սխալ քաղաքականության, բանակցային ձախողումների և բանակի թուլացման ուղղակի հետևանք էր։
Թեգեր
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել