2026թ. պետբյուջեի նախագծով կանխատեսվում է 5.4% տնտեսական աճ
5 ՆՈՅ 2025 11:56

2026թ. պետբյուջեի նախագծով կանխատեսվում է 5.4% տնտեսական աճ
5 ՆՈՅ 2025 11:56
2026 թվականին կանխատեսվում է 5,4% տնտեսական աճ, իսկ Համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կհասնի 11 տրիլիոն 934 միլիարդ դրամի, մանրամասները ներկայացրել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն իր արտահերթ նիստում։ Ըստ նախագծի՝ պետական բյուջեի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները կունենան հետևյալ տեսքը.
• Եկամուտներ՝ 3 տրիլիոն 91 միլիարդ դրամ, որից 2 տրիլիոն 973 միլիարդը կկազմեն հարկային եկամուտները։ Նախարարը նշել է, որ «հարկային վարչարարության բարելավման, ստվերի դեմ պայքարի, ինչպես նաև հարկային քաղաքականության միջոցառումների արդյունքում ակնկալվում է բարելավել հարկեր/ՀՆԱ ցուցանիշը 0,4 տոկոսային կետով»։
• Ծախսեր՝ 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ, որը կկազմի ՀՆԱ-ի 30,4%-ը։ Այս գումարից 2 տրիլիոն 924 միլիարդը կլինեն ընթացիկ ծախսերը, իսկ 704 միլիարդ դրամը՝ կապիտալ ծախսերը (ՀՆԱ-ի 5,9%-ը)։
• Պակասուրդ (դեֆիցիտ)՝ 537 միլիարդ դրամ։
Քննարկմանը ներկա Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը բարձր է գնահատել ներկայացված նախագիծը՝ ընդգծելով մակրոտնտեսական կայունության կարևորությունը։
«ՀՀ այցեքարտը դարձել է մակրոկայունությունը։ Բյուջեի դեֆիցիտը նախընտրական տարում 5,5-ից մինչև 4,5 տոկոս իջեցնելը շատ կարևոր ազդակ է բոլոր հնարավոր գործընկերների ու ներդրողների համար։ Մենք ունենք բարձր տնտեսական աճ, ցածր գնաճ»,- ասել է Մարտին Գալստյանը։
Քննարկումների արդյունքում հանձնաժողովը, ամփոփելով դիտարկումները, 2026 թվականի պետական բյուջեի նախագծին տվել է դրական եզրակացություն՝ այն Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկելու համար։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել