Զախարովան և Հռոմի աշտարակի փլուզումը
Գրանցվել
Գրանցվել
Զախարովան Հռոմի աշտարակի փլուզումը կապել է Ուկրաինայի հետ
4 ՆՈՅ 2025 10:49
Զախարովան Հռոմի աշտարակի փլուզումը կապել է Ուկրաինայի հետ

Զախարովան Հռոմի աշտարակի փլուզումը կապել է Ուկրաինայի հետ

4 ՆՈՅ 2025 10:49
Նոյեմբերի 3-ին Հռոմի պատմական աշտարակներից մեկի փլուզումը ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ուղղակիորեն կապել է Ուկրաինային ցուցաբերվող իտալական ֆինանսական օգնության հետ, ինչին հաջորդել է իտալական կողմի կոշտ արձագանքը։ Իտալիայի ԱԳՆ-ն Ռուսաստանի դեսպանին կանչել է նախարարություն՝ նկատողություն հայտարարելու համար, իսկ Զախարովայի խոսքերը որակել «վուլգար»։ Սակայն ռուս պաշտոնյան ոչ միայն չի նահանջել, այլև հայտարարել է, որ այժմ Կիևին օգնելու համար Հռոմին քննադատելու նոր առիթ ունի։
Սկանդալի պատճառ է դարձել երկուշաբթի օրը Զախարովայի կողմից իր տելեգրամյան ալիքում արված գրառումը։ «Հռոմի կենտրոնում՝ Կայսերական ֆորումներում, փլուզվել է պատմական աշտարակ։ Փլատակների տակ տուժածներ են փնտրում», - գրել է նա՝ անմիջապես հիշեցնելով, որ «Ուկրաինային իտալական աջակցությունը, ներառյալ ռազմական օգնությունը և ԵՄ մեխանիզմներով վճարվող ներդրումները, հասնում է շուրջ 2,5 միլիարդ եվրոյի»։
Իր խոսքը Զախարովան եզրափակել է սպառնալիքով. «Քանի դեռ իտալական կառավարությունն անիմաստ կերպով ծախսում է իր հարկատուների գումարները, ամբողջ Իտալիան կփլուզվի՝ տնտեսությունից մինչև աշտարակներ»։
Ի պատասխան՝ Իտալիայի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպան Պարամոնովին՝ պաշտոնական նկատողություն հայտարարելու համար։ Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին Զախարովայի խոսքերը «մեղմ ասած՝ վուլգար» է անվանել։ «Երբ աղետ է տեղի ունենում, չի կարելի շահարկել փլատակների տակ մնացած մարդկանց կամ տուժած բանվորների թեման։ Մենք երբեք դա չենք արել։ Երբ Ռուսաստանում աղետ էր պատահում, մենք միշտ համերաշխություն ենք ցուցաբերել։ Այս հայտարարություններն ամոթալի են և անընդունելի քաղաքակիրթ երկրում», - եզրափակել է Տայանին։
Սակայն Զախարովան, մեկնաբանելով ռուս դեսպանի կանչը «Известия»-ին, ոչ միայն չի զղջացել, այլև նոր հարձակում է գործել։ «Առիթ կլինի ևս մեկ անգամ հիշեցնելու, որ Կիևի ահաբեկչական ռեժիմին հովանավորելը հանցագործություն է և մեղք», - ասել է նա։
Հարկ է նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ Զախարովայի հայտարարությունների պատճառով ռուս դեսպանին կանչում են Իտալիայի ԱԳՆ։ Նախորդ միջադեպը տեղի էր ունեցել այս տարվա փետրվարին, երբ Զախարովան արձագանքել էր Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի ելույթին, որտեղ վերջինս Ուկրաինա ներխուժման համար Ռուսաստանը համեմատել էր հիտլերյան Գերմանիայի հետ։
Հիշեցնենք, որ Հռոմում Կոնտի աշտարակի մի մասը փլուզվել է երկուշաբթի օրը։ Փլուզման հետևանքով զոհվել է հուշարձանի վերականգնման աշխատանքներում ներգրավված բանվորներից մեկը, ևս մեկը տեղափոխվել է հիվանդանոց։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել