Թրամփը Վենեսուելայի հարցում բարդ ընտրության առաջ է կանգնած. փորձագետ
13 ՆՈՅ 2025 05:35

Թրամփը Վենեսուելայի հարցում բարդ ընտրության առաջ է կանգնած. փորձագետ
13 ՆՈՅ 2025 05:35
Վենեսուելայի շուրջ ստեղծված ճգնաժամը շարունակում է մնալ ԱՄՆ արտաքին քաղաքականության գլխավոր մարտահրավերներից մեկը։ Ի՞նչ քայլերի կարող է դիմել Վաշինգտոնը՝ Նիկոլաս Մադուրոյի վարչակարգը տապալելու համար։
Ամենայն հավանականությամբ, նախագահ Դոնալդ Թրամփը չի դիմի ռազմական ներխուժման կամ նույնիսկ հրթիռային հարվածների։ Ամերիկյան նավատորմի կենտրոնացումը Վենեսուելայի ափերի մոտ ավելի շուտ նպատակ ունի հոգեբանական ճնշում գործադրել բանակային վերնախավի վրա։ Ըստ փորձագետների, Սպիտակ տան հաշվարկն այն է, որ գեներալները, զգալով վտանգը, կհամոզեն Մադուրոյին հրաժարական տալ և լքել երկիրը։ Սակայն դրա համար նրանք պահանջելու են սեփական անվտանգության երաշխիքներ, ինչը բարդացնում է իրավիճակը։ Բացի այդ, Մադուրոն իրեն շրջապատել է կուբացի խորհրդականներով, որոնք սերտորեն հետևում են բարձրաստիճան զինվորականներին։ Ցանկացած սխալ քայլ կարող է հանգեցնել նրանց անհապաղ ձերբակալությանը և նույնիսկ գնդակահարության։
Դոնալդ Թրամփը չի կարող չգիտակցել, որ Մադուրոյին իշխանությունից հեռացնելու առաքելության ձախողումը լուրջ հարված կլինի իր հեղինակությանը։ Նա չի կարող թույլ տալ, որ «Ջերալդ Ռ. Ֆորդ» ավիակիրը, որոշ ժամանակ Վենեսուելայի ափերի մոտ պտտվելուց հետո, առանց որևէ արդյունքի վերադառնա Վիրջինիայի իր բազան։ Նման զարգացումը Թրամփին կներկայացնի որպես վճռական գործողությունների անկարող թույլ առաջնորդի։
Սակայն ոչ պակաս վտանգավոր է նաև սցենարը, որի դեպքում Թրամփը կորոշի հարվածել Վենեսուելային։ Ըստ որոշ տեղեկությունների՝ վենեսուելական իշխանությունները պատրաստում են իրենց «կործանարար զենքը» ԱՄՆ-ի դեմ։ Խոսքը ոչ թե ռազմական պատասխանի, այլ Կարակասում անվերահսկելի քաոսի մթնոլորտ ստեղծելու մասին է։ Նրանք կարող են հրահրել լայնածավալ սոցիալական բունտ, որի պայմաններում Թրամփը պարզապես չի իմանա, թե ով է իրականում իրավիճակի տերը երկրում և ում հետ կարելի է բանակցել։ Ի դեպ, համընդհանուր դիմադրության պատրաստվելու Մադուրոյի որոշումը նաև այդ ենթատեքստն ունի։ Նպատակ է դրվել ոչ թե լայնածավալ պատերազմի գնալ Վաշինգտոնի դեմ, այլ պարտիզանական պայքար սկսել, երբ ամերիկյան ուժերը ներխուժեն երկիր։
Նման պայմաններում անխուսափելի կդառնան արյունալի բախումները, ինչը թանկ կնստի Սպիտակ տան վրա։ Թրամփը հայտնվել է ակնհայտ ցուգցվանգի մեջ, որտեղ ցանկացած որոշում վատթարացնելու է իրավիճակը։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել