Լուվրի դարի կողոպուտը․ հնարավո՞ր է վերադարձնել թանգարանի գանձերը
20 ОКТ. 2025 15:26

Լուվրի դարի կողոպուտը․ հնարավո՞ր է վերադարձնել թանգարանի գանձերը
20 ОКТ. 2025 15:26
Կիրակի օրը Լուվրում տեղի ունեցած կողոպուտը, որն արդեն իսկ որակվել է որպես ամենախոշորը 1911 թվականին «Մոնա Լիզայի» առևանգումից ի վեր, լուրջ հարցեր է առաջացնում ֆրանսիական թանգարանների անվտանգության մակարդակի վերաբերյալ, որոնք գնալով ավելի հաճախ են թիրախավորվում հանցավոր խմբավորումների կողմից։
Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալդ Դարմանենը խոստովանել է, որ անվտանգության համակարգերը «չեն աշխատել» և չեն կարողացել կանխել խոշոր կողոպուտը, ինչը բացասաբար է անդրադարձել երկրի վարկանիշի վրա։ «Մարդիկ կարողացել են Փարիզի կենտրոնում կայանել կահույքի վերելակը, մի քանի րոպեում մարդկանց բարձրացնել, որպեսզի նրանք վերցնեն անգին զարդերը և սարսափելի իմիջ ստեղծեն Ֆրանսիայի համար», - ասել է նա։
Ցերեկվա ժամին էլեկտրական գործիքներով զինված չորս դիմակավորված գողեր ներթափանցել են աշխարհի ամենաշատ այցելուներ ունեցող թանգարան, հափշտակել ութ անգին իր, այնուհետև դիմել փախուստի սկուտերներով։ Հանցագործները, օգտագործելով մեխանիկական վերելակով հագեցած բեռնատար, Սենա գետի կողմից բարձրացել են Ապոլլոնի պատկերասրահի երկրորդ հարկի պատուհանին։ Այնտեղ նրանք մարտկոցով աշխատող սղոցով կտրել են ապակին և ներխուժել ներս։
Սպառնալով անվտանգության աշխատակիցներին, որոնք տարհանում էին շենքը, գողերը կոտրել են ցուցափեղկերը։. Ամբողջ գործողությունը տևել է ընդամենը յոթ րոպե, որոշ աղբյուրներ նշում են անգամ 4 րոպե։ Ըստ նախնական տվյալների՝ թանգարանի այդ թևի յուրաքանչյուր երրորդ սրահում տեսահսկման տեսախցիկներ չեն եղել։
Իշխանությունների տվյալներով՝ հափշտակվել է ութ իր, այդ թվում՝ թագեր, վզնոցներ, ականջօղեր և կրծքազարդեր։. Բոլորը 19-րդ դարի են և ժամանակին պատկանել են ֆրանսիական թագավորական և կայսերական ընտանիքներին։ Գողացված իրերի թվում են կայսրուհի Եվգենիայի (Նապոլեոն III-ի կինը) երկու կրծքազարդ, կորսաժի ժապավենաձև զարդ և թագը, կայսրուհի Մարիա-Լուիզայի (Նապոլեոն I-ի կինը) զմրուխտե վզնոցն ու ականջօղը, ինչպես նաև Մարիա Ամալյայի՝ Լուի-Ֆիլիպ I թագավորի կնոջ զարդերը։ Երկու իր, այդ թվում՝ կայսրուհի Եվգենիայի թագը, գտնվել են հանցագործության վայրի մոտ. հավանաբար, գողերը դրանք գցել են փախուստի ժամանակ։
Ֆրանսիայի ՆԳ նախարար Լորան Նունյեսի խոսքով՝ գործել են պրոֆեսիոնալներ, ովքեր նախապես ուսումնասիրել են տարածքը և ունեցել են պարզ, բայց արդյունավետ պլան։ Նախագահ Էմանուել Մակրոնը կողոպուտը որակել է «հարձակում ժառանգության վրա, որը մենք թանկ ենք գնահատում, քանի որ դա մեր պատմությունն է»։
Փորձագետները զարդերի վերադարձի հարցում լավատես չեն։ Art Recovery International կազմակերպության տնօրեն Քրիս Մարինելլոն նշում է, որ եթե գողերին չբռնեն առաջիկա 24-48 ժամվա ընթացքում, զարդերը, ամենայն հավանականությամբ, ընդմիշտ կորած կլինեն։ «Հիմա մրցավազք է ընթանում։ Նրանք կարող են բռնել հանցագործներին, բայց չեն կարողանա վերադարձնել զարդերը»,- ասել է նա։
Մասնագետի կարծիքով՝ հանցագործները դրանք չեն պահի ամբողջական տեսքով։ Թանկարժեք մետաղները կհալեցվեն, իսկ քարերը նորից կհղկվեն և կվաճառվեն մաս-մաս՝ դրանով իսկ թաքցնելով հանցագործության հետքերը և օգտագործելով դրանք փողերի լվացման համակարգում։ «Նրանք չեն գնահատում զարդերը որպես պատմության մաս, այլ միայն որպես իրենց կեղտոտ փողերը լվանալու միջոց», - ավելացրել է Ֆրանսիայի Սենատի անդամ Նատալի Գուլեն։
Գործով զբաղվում է մոտ 60 քննիչ։ Այս միջադեպը ևս մեկ անգամ մերկացրեց ֆրանսիական թանգարանների անվտանգության խոցելիությունը՝ հաշվի առնելով վերջին ամիսներին Փարիզի Բնության պատմության թանգարանից ոսկու հանքաքարերի և Լիմոժի թանգարանից թանկարժեք ճենապակու գողությունները։
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарииЗарегистрироваться