«Այսպես չի լինի». Փաշինյանի կատակը, ռեկորդն ու անակնկալը՝ թոշակառուների համար
27 НОЯБ. 2025 08:27

«Այսպես չի լինի». Փաշինյանի կատակը, ռեկորդն ու անակնկալը՝ թոշակառուների համար
27 НОЯБ. 2025 08:27
Կառավարության նիստը մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի կատակով։ Նկատելով, որ կաբինետի անդամներից շատերը վատառողջ են, վարչապետը կեսկատակ-կեսլուրջ դիմել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին. «Կառավարության կեսը հիվանդ է, այս ո՞նց եք աշխատում, այսպես չի լինի»։ Հաջորդիվ՝ ըստ օրակարգի։ Վարչապետը հանրությանը ներկայացրել է տնտեսական ոլորտի թարմ տվյալները՝ արձանագրելով հերթական պատմական ռեկորդը։ Հոկտեմբեր ամսվա դրությամբ Հայաստանում գրանցված և աշխատավարձով ապահովված աշխատատեղերի թիվը հասել է 810,074-ի։
«Սա նախորդ ամսվա համեմատ ավելի քան 5000-ով ավելի է»,- ընդգծել է Փաշինյանը։ Նա համեմատականներ է տարել 2018 թվականի ցուցանիշների հետ՝ նշելով, որ այդ ժամանակահատվածի համեմատ աշխատատեղերն ավելացել են 223,895-ով։ Զուգահեռաբար աճել է նաև աշխատավարձի ֆոնդը՝ 149 մլրդ դրամով, իսկ միջին աշխատավարձը հոկտեմբերին կազմել է 313 հազար դրամ (աճը՝ 135 հազար դրամ)։
Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) հոկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճել է 10.1 տոկոսով։ 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսների կտրվածքով ՏԱՑ-ը կազմել է 8.1 տոկոս։ Ըստ վարչապետի՝ «9 ամսում ունենք 6 տոկոս արձանագրված տնտեսական աճ»։
Կառավարությունը որոշում է կայացրել կենսաթոշակառուների սոցիալական աջակցության ծրագրի վերաբերյալ։ 2026 թվականի հունվարի 1-ից անկանխիկ եղանակով առևտուր անելու դեպքում թոշակառուները կստանան ավելի մեծ չափով հետվճար։ Նախատեսվում է գործող 12 տոկոսը դարձնել 20 տոկոս, իսկ հետվճարի առավելագույն շեմը 6000 դրամից բարձրացնել մինչև 10,000 դրամ։ Ծրագրի արդյունավետության մասին են վկայում թվերը. 2025 թվականի հոկտեմբերին շահառուների թիվը կազմել է 366,432, ինչը նախորդ ամսվա համեմատ ավել է 3.6 տոկոսով։ Անկանխիկ գործարքների ընդհանուր գումարը կազմել է 14 մլրդ 768 մլն դրամ՝ գրանցելով 6.9 տոկոս աճ։
Գործադիրը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել սահմանամերձ համայնքների խնդիրները։ Որոշում է կայացվել հատկացնել ևս 112,6 մլն դրամ՝ այդ բնակավայրերի կոմունալ ծախսերը հոգալու համար։ Հարկ է նշել, որ 2025 թվականի համար սկզբնապես նախատեսվել էր 989 մլն դրամ՝ կոմունալ ծառայությունների և ոռոգման ջրի սուբսիդավորման նպատակով։ Սակայն պահանջարկն ավելին է եղել, ինչը կանխատեսելի էր, քանի որ դեռ 2024-ին փաստացի ծախսվել էր 1 մլրդ 48 մլն դրամ։
Այս աջակցությունից օգտվում են Արարատի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի շուրջ 80 սահմանամերձ բնակավայրերի բնակիչներ։ Ծրագիրը ենթադրում է էլեկտրաէներգիայի, գազի և ոռոգման ջրի հաշիվների 50 տոկոսի փոխհատուցում։ Բացի այդ, պետությունն ամբողջությամբ փոխհատուցում է սահմանային գոտում գտնվող և դժվար մշակվող հողատարածքների հողի հարկը։
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарии