Աշխարհի առաջնորդները շնորհավորում են ՀՀ Անկախության օրը
Зарегистрироваться
Зарегистрироваться
Աշխարհի առաջնորդները շնորհավորում են ՀՀ Անկախության օրը
21 СЕНТ. 2025 09:41
Աշխարհի առաջնորդները շնորհավորում են ՀՀ Անկախության օրը

Աշխարհի առաջնորդները շնորհավորում են ՀՀ Անկախության օրը

21 СЕНТ. 2025 09:41
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստանում Հայաստանի Հանրապետության Անկախության 34-րդ տարեդարձի առիթով:
Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդ Ալ-Ֆաթթահ Ալ-Սիսիի շնորհավորական ուղերձում ասված է.
«Ինձ համար պատիվ է փոխանցելու Ձեզ և բարեկամ Ձեր ժողովրդին իմ սրտագին ողջույնները և լավագույն մաղթանքները Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ:
Օգտվելով առիթից, կցանկանայի Եգիպտոսի երախտագիտությունը հայտնել մեր երկու երկրները միավորող բարեկամական կապերի համար: Իմ պատրաստակամությունն եմ հայտնում տարբեր ոլորտներում մեր երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման հարցում՝ ի բարօրություն մեր երկու բարեկամ ժողովուրդների ընդհանուր շահերի:
Ձերդ գերազանցություն, մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք և շարունակական հաջողություններ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ մշտական բարօրություն և առաջընթաց»:
Տաջիկստանի Հանրապետության նախագահ էմոմալի Ռահմոնի շնորհավորական ուղերձում ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի,
Հաճույքով հղում եմ Ձեզ և Հայաստանի Հանրապետության բարեկամ ժողովրդին անկեղծ շնորհավորանքներս ու ջերմ մաղթանքներս երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։
Տաջիկստանը հանձնառու է Հայաստանի հետ բարեկամական և համագործակցային հարաբերությունների ամրապնդման վեհ գործին։
Մենք մեծապես կարևորում ենք մեր երկրների միջև փոխշահավետ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը և ամրապնդումը։
Հուսով եմ, որ փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների վրա հիմնված տաջիկա-հայկական միջպետական հարաբերությունները կշարունակեն կայուն զարգանալ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։
Մաղթում եմ Ձեզ, սիրելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»։
Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի շնորհավորական ուղերձում ասված է.
«Թուրքմենստանի ժողովրդի և կառավարության, ինչպես նաև անձամբ իմ անունից Ձեզ և Հայաստանի Հանրապետության ողջ ժողովրդին հղում եմ իմ սրտանց շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները Ձեր երկրի Անկախության օրվա կապակցությամբ։
Մենք անկեղծորեն ուրախ ենք անկախության տարիներին Հայաստանի Հանրապետության ձեռքբերումներից և համոզված ենք, որ մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցությունը հետագայում ևս կշարունակի ամրապնդվել։
Օգտվելով այս հաճելի առիթից՝ անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երջանկություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն, բարեկեցություն և բարգավաճում»։
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նախագահ Ժամանդու Օրսիի շնորհավորական ուղերձում ասված է.
«Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կառավարության, Ուրուգվայի ժողովրդի և անձամբ իմ անունից հղում եմ Ձեզ իմ սրտանց շնորհավորանքները՝ միևնույն ժամանակ մաղթելով խաղաղություն և բարգավաճում ազնվական հայ ժողովրդին:
Կցանկանամ նաև նշանավորել մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունների հիանալի կարգավիճակը՝ լիահույս լինելով, որ դրանք էլ ավելի կզարգանան մշակութային, քաղաքական և համագործակցային կապերի արդյունքում։
Օգտվելով առիթից վերահաստատում եմ պարոն վարչապետին իմ խորին հարգանաց հավաստիքը»:
Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Ռոսեն Ժելյազկովի շնորհավորական ուղերձում ասված է.
«Խնդրում եմ ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա՝ սեպտեմբերի 21-ի կապակցությամբ։
Այս հանդիսավոր օրը ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, որ Հայաստանի Հանրապետությունը Բուլղարիայի Հանրապետության կարևոր գործընկերն է և հաստատել, որ մենք բարձր ենք գնահատում մեր երկրների միջև հաստատված գերազանց երկկողմ հարաբերությունները, որոնք կառուցված են բուլղարական և հայ ժողովուրդների միջև երկարամյա պատմական և մշակութային կապերի հիման վրա։
Բուլղարիան անսասանորեն աջակցում է Ձեր կառավարության՝ Եվրոպական Միության հետ մերձեցման և անհրաժեշտ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման քաղաքականությանը։ Մենք ողջունում ենք հայկական կողմի ջանքերը՝ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության, կայունության և բարգավաճման հասնելու համար, որոնք չափազանց կարևոր են բարդ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային փոփոխությունների ներկայիս պայմաններում։
Թույլ տվեք օգտվել այս հանդիսավոր առիթից Ձեզ՝ պարոն վարչապետ, կրկին հրավերս հղելու Բուլղարիայի Հանրապետություն այցելելու համար։ Ես անկեղծորեն հավատում եմ, որ Ձեր այցը մեր երկիր ավելի կամրապնդի մեր դարավոր կապերը և նոր խթան կհաղորդի մեր երկկողմ համագործակցության զարգացմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում։
Հայ ժողովրդին հղում եմ իմ անկեղծ մաղթանքները խաղաղության և բարգավաճման համար, իսկ Ձեզ՝ քաջառողջության և հաջողություններ ձեր խիստ պատասխանատու գործունեության մեջ և խնդրում եմ, մեծարգո պարոն վարչապետ, ընդունել խորին հարգանքներիս հավաստիքը»։
Մոլդովայի Հանրապետության վարչապետ Դորին Ռեչանի շնորհավորական ուղերձում ասված է.
«Մոլդովայի Հանրապետության կառավարության անունից հղում եմ իմ ամենաջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։
Մոլդովայի Հանրապետության կառավարությունը գնահատում է Հայաստանի Հանրապետության հետ ջերմ և կառուցողական հարաբերությունները, և մենք անհամբեր սպասում ենք մեր համագործակցության շարունակմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, այդ թվում՝ ընդհանուր արժեքների ոգով և եվրոպական համայնքի հետ ավելի սերտ համագործակցության ձգտումներով։
Վերջերս Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը կարևոր նվաճում է և տարածաշրջանային կայունության կարևորագույն առաջընթաց։ Ես խորը գնահատանք եմ հայտնում Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը, որի նվիրվածությունը Կովկասում խաղաղության և տարածաշրջանային համագործակցության խթանմանը և՛ գովելի է, և՛ ոգեշնչող։
Վստահ եմ, որ մեր կառավարությունները կպահպանեն դրական և բաց երկխոսություն՝ նպաստելով մեր քաղաքացիների բարեկեցությանը և տարածաշրջանային կայունությանը»։
Связанные статьи
Войдите или создайте бесплатную учетную запись ReOpen Media, чтобы опубликовать комментарииЗарегистрироваться