Թոմահավկներ Ուկրաինային. Պենտագոնը հավանություն է տվել
Գրանցվել
Գրանցվել
Պենտագոնը հավանություն է տվել «Թոմահավկ»-ների տրամադրմանը. ի՞նչ կասի Թրամփը
1 ՆՈՅ 2025 06:50
Պենտագոնը հավանություն է տվել «Թոմահավկ»-ների տրամադրմանը. ի՞նչ կասի Թրամփը

Պենտագոնը հավանություն է տվել «Թոմահավկ»-ների տրամադրմանը. ի՞նչ կասի Թրամփը

1 ՆՈՅ 2025 06:50
Պենտագոնը Սպիտակ տանը հավանություն է տվել Ուկրաինային մեծ հեռահարության «Թոմահավկ» (Tomahawk) տեսակի հրթիռներ տրամադրելու հարցում։ Գերատեսչությունը գնահատել է, որ դա բացասաբար չի անդրադառնա ԱՄՆ-ի սեփական զինապահեստների վրա։ Այժմ վերջնական քաղաքական որոշումը պետք է կայացնի նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում են ամերիկացի և եվրոպացի երեք պաշտոնյաներ։
Ավելի վաղ Թրամփը Սպիտակ տանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ աշխատանքային ճաշի ժամանակ հայտարարել էր, որ չի ցանկանում այդ հրթիռները տրամադրել Կիևին, քանի որ «չենք ուզում բաժանել այն, ինչ անհրաժեշտ է մեր երկիրը պաշտպանելու համար»։
Միացյալ շտաբը Սպիտակ տանը իր դրական գնահատականի մասին տեղեկացրել էր դեռևս Թրամփի և Զելենսկու հանդիպումից առաջ։ Ուկրաինայի նախագահը պնդում է, որ շուրջ 1600 կմ հեռահարություն ունեցող այս հրթիռներն անհրաժեշտ են Ռուսաստանի խորքում գտնվող նավթային և էներգետիկ օբյեկտներին ավելի արդյունավետ հարվածներ հասցնելու համար։
Պենտագոնի եզրակացությունը ոգևորել է ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցներին, որոնք կարծում են, որ այժմ Վաշինգտոնը հրթիռները չտրամադրելու ավելի քիչ պատրվակներ ունի։ Այս լավատեսությունը սնուցվում էր նաև Թրամփի՝ Զելենսկու հետ հանդիպումից օրեր առաջ արված հայտարարությամբ, թե ԱՄՆ-ն ունի «շատ «Թոմահավկներ»», որոնք կարող է տրամադրել Ուկրաինային։
Այդ իսկ պատճառով ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաները զարմացած էին, երբ Թրամփը օրեր անց կտրուկ փոխեց իր դիրքորոշումը՝ Զելենսկու հետ հանդիպմանը հայտարարելով, որ «Թոմահավկները» պետք են հենց ԱՄՆ-ին։ Դռնփակ հանդիպման ժամանակ նա ուղիղ ասել է, որ առայժմ չեն տրամադրի դրանք։
Թրամփի այս որոշումը կայացվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից մեկ օր անց։ Պուտինը Թրամփին ասել է, որ «Թոմահավկները» կարող են հասնել ռուսական խոշոր քաղաքների, ինչպիսիք են Մոսկվան և Սանկտ Պետերբուրգը, և թեև դրանք մարտի դաշտում էական ազդեցություն չեն ունենա, սակայն կվնասեն ամերիկա-ռուսական հարաբերությունները։
Աղբյուրները նշում են, որ Թրամփը դեռ ամբողջությամբ չի հանել հրթիռների տրամադրումը օրակարգից, և վարչակազմը պլաններ է մշակել դրանք արագ տեղափոխելու համար, եթե նախագահը հրաման տա։
Թեև Պենտագոնը պաշարների հետ կապված մտահոգություն չունի, ԱՄՆ պաշտպանական գերատեսչության պաշտոնյաները դեռևս լուծումներ են փնտրում, թե ինչպես Ուկրաինան կիրականացնի անձնակազմի ուսուցումը և հրթիռների կիրառումը։ Մի շարք գործառնական խնդիրներ դեռ պետք է լուծվեն։ Բաց է մնում հարցը, թե ինչպես է Կիևը արձակելու հրթիռները։
«Թոմահավկները» սովորաբար արձակվում են վերջրյա նավերից կամ սուզանավերից, սակայն Ուկրաինայի ռազմածովային ուժերը խիստ թուլացած են։ Ամենայն հավանականությամբ, հրթիռները պետք է արձակվեն ցամաքից։ ԱՄՆ ծովային հետևակի կորպուսը և բանակը մշակել են ցամաքային կայաններ, որոնք կարող են տրամադրվել Ուկրաինային։ Եվրոպացի պաշտոնյաները վստահ են, որ ուկրաինացի ինժեներները կգտնեն լուծումներ, ինչպես դա եղավ բրիտանական Storm Shadow հրթիռների դեպքում, որոնք հաջողությամբ ինտեգրվեցին խորհրդային արտադրության հնացած կործանիչներին։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել