Չարլզ թագավորը զրկեց Էնդրյուին տիտղոսներից
Գրանցվել
Գրանցվել
Չարլզ թագավորը եղբորը զրկել է տիտղոսներից ու տնից
31 ՀՈԿ 2025 06:00
Չարլզ թագավորը եղբորը զրկել է տիտղոսներից ու տնից

Չարլզ թագավորը եղբորը զրկել է տիտղոսներից ու տնից

31 ՀՈԿ 2025 06:00
Մեծ Բրիտանիայի Չարլզ թագավորը զրկել է իր կրտսեր եղբորը՝ Էնդրյուին, արքայազնի տիտղոսից և ստիպել նրան լքել իր վինձորյան տունը։ Բուքինգհեմյան պալատի հայտարարության համաձայն՝ այս քայլի նպատակն է թագավորական ընտանիքը հեռու պահել Ջեֆրի Էփշտեյնի հետ կապված սկանդալից։
65-ամյա Էնդրյուն՝ Չարլզի կրտսեր եղբայրը և հանգուցյալ Եղիսաբեթ թագուհու երկրորդ որդին, վերջին տարիներին անընդհատ ճնշման տակ էր իր վարքի և սեռական հանցագործությունների մեջ մեղադրվող հանգուցյալ Էփշտեյնի հետ կապերի պատճառով։ Այս ամսվա սկզբին նրան արդեն ստիպել էին դադարեցնել Յորքի դքսի տիտղոսի օգտագործումը։ Այժմ Չարլզը խստացրել է միջոցները՝ Էնդրյուին զրկելով իր բոլոր տիտղոսներից, որից հետո նա կհայտնի լինի պարզապես Էնդրյու Մաունթբեթեն Վինձոր անունով։
Բուքինգհեմյան պալատի հայտարարության մեջ նշվում է, որ Էնդրյուին պաշտոնական ծանուցում է ուղարկվել՝ Վինձորի կալվածքում գտնվող «Royal Lodge» առանձնատան վարձակալությունը դադարեցնելու պահանջով։ Նա կտեղափոխվի Արևելյան Անգլիայում գտնվող Սանդրինգհեմի կալվածքի այլ մասնավոր կացարան։ Թագավորի այս որոշումը բրիտանական թագավորական ընտանիքի ժամանակակից պատմության մեջ ամենադրամատիկ քայլերից մեկն է։ «Այս պատժամիջոցները անհրաժեշտ են համարվում՝ չնայած այն հանգամանքին, որ նա շարունակում է հերքել իրեն ուղղված մեղադրանքները», - ասված է պալատի հաղորդագրության մեջ։ «Նորին Մեծությունները ցանկանում են հստակեցնել, որ իրենց մտքերն ու խորին կարեկցանքը բռնության ցանկացած դրսևորման զոհերի և վերապրածների հետ են»։
Ժամանակին Էնդրյուն համարվում էր խիզախ ռազմածովային սպա և 1980-ականների սկզբին ծառայել է Ֆոլկլենդյան պատերազմի ընթացքում։ Սակայն 2011 թվականին նա ստիպված եղավ հրաժարվել Մեծ Բրիտանիայի առևտրային դեսպանի իր դերից, իսկ 2019 թվականին՝ թագավորական բոլոր պարտականություններից։ 2022 թվականին նրան զրկեցին զինվորական կոչումներից և թագավորական հովանավորություններից՝ սեռական ոտնձգությունների մեղադրանքների ֆոնին, որոնք նա մշտապես հերքել է։
Այդ տարի նա կարգավորեց Վիրջինիա Ջուֆրեի հայցը, որը նրան մեղադրում էր դեռահասության տարիքում իրեն սեռական բռնության ենթարկելու մեջ։
Ջուֆրեն, որը մահացել է այս տարվա ապրիլին, իր հուշերում գրել էր, որ «արտոնյալ» Էնդրյուն կարծում էր, թե իր հետ սեռական հարաբերություն ունենալն իր բնածին իրավունքն է։
Պալատի աղբյուրի համաձայն՝ որոշումը կայացրել է Չարլզ թագավորը, սակայն նա ստացել է ընտանիքի մյուս անդամների, այդ թվում՝ գահաժառանգ արքայազն Ուիլյամի աջակցությունը։ Փորձագետները նշում են, որ Չարլզն ու Ուիլյամը գործել են՝ պաշտպանելու միապետության ինստիտուտը, որը ցանկացած միապետի գլխավոր առաջնահերթությունն է։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել