Ֆինանսական խնդիրներ՝ Վաղարշապատի ընտրություններում․ «Ականատես»-ի զեկույցը
1 ՆՈՅ 2025 09:46

Ֆինանսական խնդիրներ՝ Վաղարշապատի ընտրություններում․ «Ականատես»-ի զեկույցը
1 ՆՈՅ 2025 09:46
ՀՀ ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների համաձայն՝ ընտրություններին մասնակցող ուժերի գրանցման ժամկետի ավարտից հետո մինչև քվեարկությանը հաջորդող երրորդ օրը` 3 աշխատանքային օրը մեկ, բանկերը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (ԿԿՀ) տվյալներ են ներկայացնում ընտրություններին մասնակցող կուսակցությունների հաշիվների մնացորդի, մուտքերի և ելքերի վերաբերյալ:
ԿԿՀ-ն ամփոփում է այդ տվյալները, կազմում տեղեկանք և հրապարակում իր կայքում։ Զուգահեռաբար, ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունը ամփոփում է մասնակից կուսակցությունների և դաշինքների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք, որը տեղադրվում է ԿԸՀ համացանցային կայքում։ «Այս երկու տեղեկանքների համադրության արդյունքում տեսնում ենք անհամապատասխանություններ՝ կուսակցության հաշվից բանկային հաշվեհամարի ելքերի և հիմնադրամ կատարված մուտքերի միջև»,- ահազանգում է «Ականատես» դիտորդական առաքելությունը՝ այդ առթիվ տարածած հաղորդագրության մեջ։ «Մինչդեռ նման անհամապատասխանություններ չպետք է լինեն, քանի որ Ընտրական օրենսգրքի վերջին փոփոխությունների համաձայն՝ նախընտրական հիմնադրամներին փոխանցումներ կարող են կատարվել միմիայն կուսակցության բանկային հաշվեհամարներից։
Այսպես՝
-Հոկտեմբերի 27-ի դրությամբ, ըստ ԿԿՀ տեղեկանքի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաշվեհամարից 10 մլն դրամ ելք է եղել դեպի նախընտրական հիմնադրամի հաշվեհամար, մինչդեռ հիմնադրամի վերաբերյալ ԿԸՀ տեղեկանքում որևէ մուտք կամ ծախս նշված չէ: Այս դեպքը առավել մտահոգիչ է, քանզի հոկտեմբերի 22-ից մեկնարկած քարոզարշավի ընթացքում արձանագրել ենք բազում քարոզչական միջոցառումներ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից, իսկ Ընտրական օրենսգիրքը պարտավորեցնում է քարոզչական բնույթի ծախսերն իրականացնել միմիայն նախընտրական հիմնադրամի միջոցների հաշվին։
-Հոկտեմբերի 22-ի դրությամբ «Հանրապետություն» կուսակցության բանկային հաշվեհամարի մասին ԿԿՀ տեղեկանքում նշված է 0 դրամի մուտք, 67,705 դրամի ելք և մոտ 4 մլն դրամի մնացորդ։ Մինչդեռ ԿԸՀ ՎՎԾ տեղեկանքում նշված է 1 մլն դրամի մուտք նախընտրական հիմնադրամում։ ԿԿՀ տեղեկանքը հետագայում թարմացվել է և կուսակցության հաշվեհամարից 1 մլն դրամի ելքը լրացվել։
-Հոկտեմբերի 27-ի դրությամբ «Հայրենիք» կուսակցության բանկային հաշվեհամարի մասին ԿԿՀ տեղեկանքում կուսակցության հաշվեհամարից ելքեր չեն գրանցվել, մինչդեռ ԿԸՀ ՎՎԾ տեղեկանքներում նշված է 1 մլն դրամի մուտք նախընտրական հիմնադրամում։
-Հոկտեմբերի 22-ի և 27-ի դրությամբ «Ժառանգություն» կուսակցության բանկային հաշվեհամարի մասին տեղեկանքներում բացակայում են կուսակցության ֆինանսական հոսքերի մասին տվյալները, մինչդեռ ԿԸՀ ՎՎԾ տեղեկանքում առկա են մուտքեր նախընտրական հիմնադրամում։
-Հոկտեմբերի 27-ի դրությամբ «Հաղթանակ» դաշինքի նախընտրական հիմնադրամ, ըստ ԿԸՀ ՎՎԾ տեղեկանքի, մուտք է եղել 16,320,000 դրամ։ Դաշինքը կազմված է ՀՅԴ և «Առաջ» կուսակցություններից, հետևաբար միայն այդ կուսակցությունների հաշիվներից կարող են մուծումներ կատարվել դաշինքի նախընտրական հիմնադրամին։ Սակայն ԿԿՀ հոկտեմբերի 22-ի և 27-ի տեղեկանքներում գումարային ՀՅԴ և «Առաջ» կուսակցություններից ելք է եղել ընդամենը 13 մլն դրամ»,- մասնավորապես ասված է «Ականատեսի» զեկույցում։
Առաջարկվող հոդվածներ
Մուտք գործեք կամ ստեղծեք անվճար ReOpen Media հաշիվ՝ մեկնաբանություններ տեղադրելու համարԳրանցվել