Զելենսկի. Ուկրաինան ԵՄ-ում՝ Օրբանի հետ կամ առանց
Sign Up
Sign Up
Զելենսկի. Ուկրաինան կլինի ԵՄ-ում՝ Օրբանի հետ կամ առանց նրա
6 OCT 2025 13:11
 Զելենսկի. Ուկրաինան կլինի ԵՄ-ում՝ Օրբանի հետ կամ առանց նրա

Զելենսկի. Ուկրաինան կլինի ԵՄ-ում՝ Օրբանի հետ կամ առանց նրա

6 OCT 2025 13:11
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է երկրի առջև ծառացած աննախադեպ մարտահրավերները՝ սկսած առաջիկա ձմռանը սպասվող դժվարություններից և զենքի մատակարարումներից, մինչև Ռուսաստանի խորը թիկունքին հասցվող հարվածների ռազմավարությունն ու Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին առկա խոչընդոտները։ Ամենաուշագրավ հայտարարություններից մեկը վերաբերում էր Ռուսաստանի տարածքին հասցվող հարվածներին։ Զելենսկին հաստատել է, որ վերջին օրերին Ուկրաինան կիրառում է բացառապես սեփական արտադրության զինատեսակներ՝ ընդգծելով, որ խոսքը ոչ միայն անօդաչուների մասին է։ «Սոցիալական ցանցերում առկա խոցումների բեկորներից կարելի է հասկանալ, թե որտեղ են կիրառվել անօդաչուներ, և որտեղ՝ ոչ», - ասել է նա՝ ակնարկելով ավելի հզոր հրթիռային համակարգերի, հնարավոր է՝ նորագույն «Ֆլամինգո» հրթիռների կիրառման մասին։ Նախագահը հրաժարվել է մանրամասներ հայտնել՝ թշնամուն տեղեկատվություն չտրամադրելու նկատառումներով։
Զելենսկին նաև բացատրել է այս հարվածների ռազմավարական նպատակը։ Նրա խոսքով՝ Ուկրաինան չի սպանում խաղաղ բնակիչների և թիրախավորում է բացառապես ռազմական և էներգետիկ օբյեկտները, որպեսզի ռուսները «զգան պատերազմի գինը»։ «Մենք մեծ հաճույքով դա չէինք անի, եթե պատերազմ չլիներ։ Բայց ռուսները դա չեն ուզում, առայժմ։ Եվ այդ պատճառով այս պատերազմը կարող է կանգնեցնել միայն ճնշումը», - նշել է նա՝ միաժամանակ քննադատելով Արևմուտքին։ «Արևմտյան երկրների ճնշումը այսօր բավարար չէ։ Եվ այդ ճնշման մեջ միասնականություն, ես կարծում եմ, նույնպես չկա։ Ավելի շատ ճնշում է պետք ԱՄՆ-ից, ավելի շատ՝ Եվրոպայից։ Գլոբալ Հարավը մենք առայժմ նույնիսկ չենք զգում»։
Անդրադառնալով զենքի մատակարարումներին՝ Զելենսկին հերքել է մտավախությունները, թե ԱՄՆ-ում կառավարության աշխատանքի դադարեցումը արգելափակել է օգնությունը։ Նա հաստատել է, որ Ուկրաինան շարունակում է ստանալ Patriot, NASAMS, IRIS-T և Hawk համակարգեր, սակայն հիմնական խոչընդոտը ֆինանսավորումն է։ «Ամերիկացիները ապաարգելափակել են Patriot-ների գնման հնարավորությունը, ոչ միայն հրթիռների, այլև համակարգերի։ Եվ հարցը բացառապես փողի մեջ է», - ասել է նա՝ հավելելով, որ մեծ հույսեր է կապում ռուսական սառեցված ակտիվների օգտագործման հետ։
Զելենսկին ներկայացրել է այս միջոցներն օգտագործելու հստակ ծրագիր՝ բաղկացած երեք փաթեթից.
Ուկրաինական արտադրության փաթեթ. Ֆինանսավորում՝ ուղղված սեփական ռազմաարդյունաբերության զարգացմանը։
Եվրոպական զենքի փաթեթ. Ձեռք բերել այն զինատեսակները, որոնք Ուկրաինան չի արտադրում։
Ամերիկյան զենքի փաթեթ. Գնել այն սպառազինությունը, որը չի արտադրվում ո՛չ Ուկրաինայում, ո՛չ Եվրոպայում, առաջին հերթին՝ ՀՕՊ համակարգեր։
Ուկրաինայի նախագահը խոստովանել է, որ երկիրը պատրաստվում է ծանր աշուն-ձմեռ ժամանակահատվածի։ Նա վստահ է, որ Ռուսաստանն ամեն ինչ անելու է՝ խոչընդոտելու Ուկրաինայի կողմից սեփական գազի արդյունահանմանը։ «Այս ամենը պաշտպանելը դժվար կլինի։ Խնդիր է դրված զուգահեռաբար գումար ունենալ գազի ներկրման համար, որպեսզի մարդիկ գազ ունենան։ Ինչ վերաբերում է էլեկտրաէներգիային, այսօր ինձ համար դժվար է ասել։ Բայց մենք պատրաստ կլինենք բոլոր համապատասխան մարտահրավերներին», - հավաստիացրել է Զելենսկին։
Նա խոսել է նաև Ուկրաինայի՝ եվրաինտեգրման մասին։ Զելենսկին ուղերձ է հղել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին՝ ընդգծելով, որ Ուկրաինան Եվրամիությունում կլինի՝ «Օրբանի հետ կամ առանց նրա»։ Նա նշել է, որ սա ուկրաինացի ժողովրդի ընտրությունն է, և Օրբանը միակ մարդն է, ով արգելակում է անշրջելի գործընթացը։ «Պատմության մեջ կմնա միայն այն, որ Հունգարիան, ավելի ճիշտ՝ միակ վարչապետը, ով արգելակում էր Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին, նա էր, հենց այդ մարդը», - հայտարարել է նա՝ առաջարկելով երկու հնարավոր լուծում. կա՛մ փոխել ԵՄ-ում որոշումների կայացման ընթացակարգը (վերացնելով վետոյի իրավունքը), կա՛մ բոլոր երկրներով ճնշում գործադրել Օրբանի վրա։
Tags
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up