ՌԴ-ն առաջին անգամ առավելության է հասել ԱԹՍ-ների ոլորտում
1 DEC 2025 12:43

ՌԴ-ն առաջին անգամ առավելության է հասել ԱԹՍ-ների ոլորտում
1 DEC 2025 12:43
Ուկրաինական ճակատում ուժերի հարաբերակցության լուրջ փոփոխություն է արձանագրվել։ The Wall Street Journal (WSJ) պարբերականի փոխանցմամբ՝ պատերազմի ընթացքում առաջին անգամ Ռուսաստանին հաջողվել է իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կիրառման ոլորտում։
Սա նշանակալի շրջադարձ է, քանի որ հակամարտության մեծ մասի ընթացքում հենց Ուկրաինան էր պահպանում ակնհայտ առավելությունը մարտական դրոնների ոլորտում։ Կիևը հաջողությամբ կիրառում էր նորարարական մարտավարություն և ժամանակակից տեխնոլոգիաներ՝ դրանով իսկ փոխհատուցելով Ռուսաստանի կենդանի ուժի թվային գերակշռությունը։ Սակայն այս աշնանը իրավիճակը արմատապես փոխվել է։
Ըստ պարբերականի՝ ռուսական ուժերը յուրացրել են նոր մարտավարություն, որը ենթադրում է թիրախային գրոհներ մատակարարման գծերի վրա։ Ուկրաինացի զինվորականները սա գնահատում են որպես 2025 թվականի պատերազմի ամենակարևոր մարտավարական տեղաշարժը։ Նրանց կարծիքով՝ այս նորամուծությունն իր նշանակությամբ և ազդեցությամբ գերազանցում է անգամ ռուսական զորքերի տարածքային աստիճանական առաջխաղացումները։
Խնդիրն այն է, որ ռուսական ստորաբաժանումներն այժմ կենտրոնանում են միջին հեռավորության թիրախների վրա։ Խոսքը սովորաբար ճակատային գծից առնվազն 19 կմ խորության վրա գտնվող տարածքների մասին է։ Այլ կերպ ասած՝ ռուսական դրոնները շրջանցում են ուկրաինական հետեւակին՝ հարվածներ հասցնելով թիկունքին։
«Աքիլլես» 429-րդ դրոնային գնդի հրամանատար Յուրի Ֆեդորենկոն պարզաբանել է ռուսական ուժերի նոր մարտավարության էությունը։ Ըստ նրա՝ ռուսական կողմն ունի երկու հիմնական գերխնդիր. նախ՝ խաթարել ուկրաինական ուժերի լոգիստիկան՝ կտրելով մատակարարման ուղիները, և երկրորդ՝ թիրախավորել հենց ուկրաինացի դրոնների օպերատորներին։ Այս մոտեցումը լուրջ խնդիրներ է ստեղծում ուկրաինական բանակի համար։
Կրած կորուստները ստիպում են ուկրաինացի FPV-դրոնների օդաչուներին փոխել իրենց դիրքերը և սարքերը գործարկել շատ ավելի մեծ հեռավորությունից՝ ապահովության նկատառումներով։ Սակայն հեռավորության ավելացումը հանգեցնում է դրոնների գործողության արդյունավետության և հասանելիության սահմանափակմանը։ Մինչդեռ, հակառակ դրան, ռուսական անօդաչու թռչող սարքերը, օգտվելով ստեղծված իրավիճակից, ավելի մեծ հեռահարությամբ են գործում և կարողանում են թափանցել ուկրաինական թիկունքի էլ ավելի խորքային հատվածներ՝ մեծացնելով վտանգի գոտին։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post comments