Թուրքիան քննարկում է ՀՀ սահմանը բացելու հարցը
Թուրքիան դիտարկում է ՀՀ սահմանը բացելու հարցը. Bloomberg
3 DEC 2025 09:21
Թուրքիան դիտարկում է ՀՀ սահմանը բացելու հարցը. Bloomberg

Թուրքիան դիտարկում է ՀՀ սահմանը բացելու հարցը. Bloomberg

3 DEC 2025 09:21
Թուրքիան քննարկում է առաջիկա վեց ամիսների ընթացքում Հայաստանի հետ ցամաքային սահմանը բացելու հնարավորությունը։ Այս մասին գրում են ադրբեջանական աղբյուրները՝ հցում անելով Bloomberg-ի աղբյուրներին։ Ըստ պարբերականի՝ նման քայլը կարող է լրջագույն աշխարհաքաղաքական և տնտեսական փոփոխությունների հանգեցնել տարածաշրջանում։
Մասնավորապես, նշվում է, որ սահմանի բացումը պատմական իրադարձություն կլինի, քանի որ այն վերջ կդնի «Սառը պատերազմի» դարաշրջանից Եվրոպայում մնացած վերջին փակ սահմանի գոյությանը։ Բացի այդ, այս գործընթացը էական նախադրյալներ կստեղծի Հարավային Կովկասում առևտրային կապերի վերականգնման և ակտիվացման համար։
Հրապարակման մեջ հատուկ անդրադարձ է կատարվում Հայաստանի ներքաղաքական կյանքին և դրա կապին արտաքին քաղաքական զարգացումների հետ։ Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում դիվանագիտական բեկումը, որին կգումարվի նաև Թուրքիայի հետ սահմանի բացումը, կարող է կարևորագույն ազդակ դառնալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար։ Սա դիտարկվում է որպես քաղաքական լուրջ առավելություն 2026 թվականի հունիսին սպասվող խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
Հիշեցնենք, որ ներկայումս Թուրքիայի և Հայաստանի միջև բացակայում են դիվանագիտական հարաբերությունները։ Երկու երկրների միջև ցամաքային սահմանը փակ է եղել ավելի քան երեք տասնամյակ՝ 1993 թվականից ի վեր։ Այժմ, ըստ Bloomberg-ի, Անկարան դիտարկում է այդ ստատուս-քվոն առաջիկա կես տարում փոխելու տարբերակը։
Հիշեցնենք նաև, որ Թուրքիայի արտգործնախարարը վերջերս հայտարարել էր, թե սահմանի բացումը հնարավոր կլինի միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման է հռչակել ՀՀ Սահմանադրության փոփոխությունը։ Իսկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Սահմանադրության փոփոխության հարցը կքննարկվի միայն 2026-ի ընտրություններից հետո։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post comments