Պուտինը. Ռուսաստանը՝ «խաղաղ ատոմի լոկոմոտիվ»
Sign Up
Sign Up
Պուտինը խոստանում է Ռուսաստանը դարձնել «խաղաղ ատոմի լոկոմոտիվ»
25 SEP 2025 15:00
Պուտինը խոստանում է Ռուսաստանը դարձնել «խաղաղ ատոմի լոկոմոտիվ»

Պուտինը խոստանում է Ռուսաստանը դարձնել «խաղաղ ատոմի լոկոմոտիվ»

25 SEP 2025 15:00
Մոսկվայում ընթացող «Համաշխարհային ատոմային շաբաթ» միջազգային ֆորումի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ծրագրային ելույթով՝ ներկայացնելով ատոմային էներգետիկայի զարգացման ռուսական տեսլականը և ոլորտում Մոսկվայի ռազմավարական նպատակները։ Ելույթի սկզբում ՌԴ նախագահը նշել է, որ աշխարհը թևակոխում է նոր տեխնոլոգիական դարաշրջան, որի բնորոշ գծերից է էլեկտրաէներգիայի սպառման կտրուկ աճը, մասնավորապես՝ տվյալների մշակման կենտրոնների (դատա-կենտրոնների) կողմից։
Նրա կանխատեսմամբ՝ առաջիկա տասնամյակում դրանց էներգիայի սպառումը կավելանա ավելի քան երեք անգամ։ Այս մարտահրավերին ի պատասխան՝ Ռուսաստանն արդեն իսկ իրականացնում է նորարարական նախագծեր՝ ստեղծելով դատա-կենտրոններ անմիջապես իր ատոմային էլեկտրակայանների (ԱԷԿ) տարածքում։ Պուտինը նաև ընդգծել է, որ հասարակության մեջ աստիճանաբար ամրապնդվում է ընկալումը, որ ատոմային էներգետիկան էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիա է, ինչը, զարգացման կարիքների հետ մեկտեղ, խթանում է խաղաղ ատոմի նկատմամբ պահանջարկը։ Նրա խոսքով՝ այս պահանջարկի հիմնական աճը կապահովեն Գլոբալ Հարավի և Արևելքի երկրները, որոնք ատոմային էներգիան դիտարկում են որպես իրենց զարգացման կարևորագույն ռեսուրս։
Այդ հարցում Մոսկվան պատրաստ է օժանդակել, հայտարարել է Պուտինը։ Անդրադառնալով Ռուսաստանի տեխնոլոգիական ներուժին՝ նա առանձնացրել է մի քանի առանցքային ուղղություն։ Ռուսաստանը շուտով կսկսի լողացող ԱԷԿ-ների սերիական արտադրություն։ Սա թույլ կտա էներգիա մատակարարել հեռավոր և դժվարամատչելի շրջաններին՝ ապահովելով էներգետիկ ճկունություն։ Սակայն ամենահավակնոտ հայտարարությունը վերաբերում էր միջուկային վառելիքի խնդրին։
Պուտինը նախազգուշացրել է, որ ուրանի համաշխարհային պաշարները, ըստ կանխատեսումների, կարող են սպառվել մինչև 2090 թվականը, կամ նույնիսկ ավելի շուտ։ Այս գլոբալ մարտահրավերին ի պատասխան, նրա խոսքով, ռուս գիտնականները մշակել են «հեղափոխական տեխնոլոգիա», որը թույլ կտա «գրեթե ամբողջությամբ հանել ատոմային էներգետիկան ուրանով ապահովելու հարցը»։ Այս համատեքստում նա հայտարարել է, որ մինչև 2030 թվականը Ռուսաստանը կգործարկի աշխարհում առաջին միջուկային էներգահամակարգը՝ փակ վառելիքային ցիկլով, ինչը կնշանակի անթափոն և գրեթե անսպառ էներգիայի աղբյուր։
Պուտինը հատուկ ուշադրություն է դարձրել միջազգային համագործակցության ռուսական մոդելին՝ այն հակադրելով, իր բնորոշմամբ, «տեխնոլոգիական գաղութատիրությանը»։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը խստորեն կատարում է իր բոլոր պայմանագրային պարտավորությունները և իր գործընկերներին կախվածության մեջ չի դնում իր տեխնիկական լուծումներից։
«Հավասար հասանելիությունը խաղաղ ատոմի տեխնոլոգիաներին կօգնի ապահովել կայուն գլոբալ զարգացում», - հայտարարել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը հետաքրքրված է երկարաժամկետ նախագծերով։ Իր խոսքում Ռուսաստանի նախագահը որպես բացարձակ գերակայություն է նշել միջուկային օբյեկտների անվտանգության ապահովումը՝ «որտեղ էլ որ դրանք գտնվեն»։ Նա կոչ է արել շարունակաբար բարձրացնել անվտանգության պահանջները ատոմային ցիկլի բոլոր փուլերում՝ ուրանի արդյունահանումից մինչև ռեակտորների շահագործում։
Ելույթի վերջում Վլադիմիր Պուտինը բաց հրավեր է հղել տարբեր երկրների գիտնականներին՝ համագործակցելու այն տեխնոլոգիաների շուրջ, որոնք, նրա խոսքով, «նոր դարաշրջան են բացում ատոմային էներգետիկայում»։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up