Վարչապետ Փաշինյանի շրջայցը նորակառույց ու վերանորոգված կրթօջախներում
13 SEP 2025 06:57

Վարչապետ Փաշինյանի շրջայցը նորակառույց ու վերանորոգված կրթօջախներում
13 SEP 2025 06:57
Որքանով են իրական Կառավարության խոստումները, ովքե՞ր են այդ խոստումների շահառուները և արդյո՞ք Երևանում հռչակված առաջնահերթությունները նույն կերպ են ընկալվում նաև Երևանից դուրս։ Սեպտեմբերի 12-ին վարչապետ Փաշինյանը մի շարք համայնքներում է եղել, այցելել պետբյուջեից արված հատկացումներով և ոչ պետական ֆինանսավորմամբ կառուցված կամ հիմնանորոգված կրթական և առողջապահական մի շարք օբյեկտներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի մարզեր, ծանոթացել իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետի առաջին կանգառը եղել է Դեբեդի նորակառույց «Հարություն և Սյուզան Մանգոյանների» անվան միջնակարգ դպրոցում:
Ծրագրի արժեքը 780 մլն դրամ է, որը հատկացրել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ): Դպրոցի գույքը հատկացրել է Կառավարությունը: Առաջիկայում պետության ֆինանսավորմամբ դպրոցում կկառուցվի նաև մարզադահլիճ: Դպրոցը նախատեսված է 192 աշակերտի համար: 2025թ. դրությամբ փաստացի սովորողների թիվը 114 է։ Աշխատանքները մեկնարկել են 2024թ. ապրիլին, ավարտվել 2025թ. սեպտեմբերի 1-ին:
Այնուհետև վարչապետն այցելել է Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ ծանոթացել է ինֆեկցիոն մասնաշենքի կառուցման աշխատանքներին: Ծրագրի արժեքը 956 մլն դրամ է, որից 214 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը, իսկ մյուսը դրամաշնորհային միջոցներ են: Ինֆեկցիոն մասնաշենքն ունի 50 մահճակալային ֆոնդ:
Աշխատանքները մեկնարկել են 2023թ. մայիսին, ավարտվել 2025թ. մարտին: Բժշկական սարքավորումներով և գույքով հագեցման համար ծախսվել է 99 մլն դրամ:
Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Վանաձորի թիվ 8 հիմնական դպրոցում, որտեղ իրականացվել են հիմնանորոգման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 245 մլն դրամ, որը հատկացրել է Կառավարությունը: Դպրոցը նախատեսված է 358 աշակերտի համար: Վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել հոկտեմբեր ամսին: Դպրոցն ընդգրկված է Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկում։
Հաջորդիվ վարչապետն այցելել է Վանաձորի թիվ 9 հիմնական դպրոց, որտեղ նույնպես իրականացվել են հիմնանորոգման աշխատանքներ: Վերջինիս համար պետբյուջեից հատկացվել է ավելի քան 140 մլն դրամ: Դպրոցը նախատեսված է 183 աշակերտի համար։ Այս դպրոցը ևս ընդգրկված է Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ»-ի ծրագրի ցանկում: Վանաձորի թիվ 9 հիմնական դպրոցում կառուցվել է նաև նոր մարզադահլիճ: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 224 մլն դրամ։
Կոտայքի մարզում վարչապետն այցելել է Հրազդանի թիվ 2 հիմնական նորակառույց դպրոց: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1 մլրդ 912 մլն դրամ: Ծրագիրն իրականացվել է Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով և ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ: Նորակառույց դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար: Շինաշխատանքները մեկնարկել էին 2021թ. նոյեմբերին, ավարտվել 2025թ. օգոստոսին: Դպրոցն ընդգրկված է Կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերակառուցվող 300 դպրոցներ» -ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկում։
Հրազդան համայնքում Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև մոդուլային տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ, որտեղ շինաշխատանքներն ավարտական փուլում են: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 929 մլն դրամ, միջոցները տրամադրվել են ՀՀ պետբյուջեից:
ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ Գեղարքունիքի մարզում Նիկոլ Փաշինյանն այցելել է Ջիլի նորակառույց միջնակարգ դպրոց, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Դպրոցի կառուցման արժեքը կազմում է ավելի քան 1 մլրդ 397 մլն դրամ, որը հատկացրել է Կառավարությունը: Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվել է նոր մոդուլային դպրոց և նախակրթարան՝ 20 տեղ-հզորությամբ։ Ծրագիրը մեկնարկել է 2021թ., ավարտվել 2025թ.:
Վարչապետն անդրադարձել է «Ապագան այսօր է» կարգախոսին և նշել. «Դա, առաջին հերթին, վերաբերում է դպրոցին, որովհետև այն, թե այսօր երեխան դպրոցում ինչով է զբաղված, ինչ որակով է զբաղված, այդ ամեն ինչով 80 և ավելի տոկոս ճշգրտությամբ մենք կարող ենք կանխատեսել նրա ապագան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել. «Կարգախոսը նրա մասին է, որ ապագան պետք չէ կանխատեսել, պետք չէ ապագայի մասին գուշակություններ անել, ապագան այսօր կառուցվում է նաև ձեր աշխատանքով՝ երեխաները ինչքանով են ընկղմված կրթական պրոցեսում, այդ կրթական պրոցեսը ինչքանով է իրենց հաճելի, ինչքանով է նրանց օժտում հենց այն գիտելիքներով, որոնք նրանց պիտի օգնեն կյանքում գտնել իրենց սիրած աշխատանքը և ինչքանով պրոֆեսիոնալ կլինեն իրենց սիրած աշխատանքի մեջ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up