Օդեսան ջրի տակ. հեղեղներին առնվազն 9 մարդ է զոհ գնացել
1 OCT 2025 07:06

Օդեսան ջրի տակ. հեղեղներին առնվազն 9 մարդ է զոհ գնացել
1 OCT 2025 07:06
Արդեն երկրորդ օրն է, ինչ Օդեսայի մարզը գտնվում է հզոր տեղատարափի հարվածների տակ։ Տարերային աղետի հետևանքով ճանապարհները հեղեղվել են, գրանցվել են էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ, վնասվել է գույք, տապալվել են բազմաթիվ ծառեր։ Կան նաև մարդկային զոհեր։ Նախնական տվյալներով, Օդեսայում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։
Ամենաողբերգական դեպքը տեղի է ունեցել Սերգեյ Էյզենշտեյնի նրբանցքում, որտեղ հայտնաբերվել է միանգամից հինգ դի՝ երկու տղամարդու, երկու կնոջ և մոտ 8-ամյա աղջնակի։ Նրանց ինքնությունը դեռևս պարզվում է։ Փրկարարները չեն կարողանում մոտենալ մարմիններին, քանի որ տարածքը ամբողջությամբ ջրի տակ է, և ներկայումս իրականացվում են ջրի հեռացման աշխատանքներ։
Եվս երկու դի հայտնաբերվել է Բալկովսկայա փողոցում. մեկը 55-65 տարեկան կին է, որի անձը դեռ չի պարզվել, մյուսը՝ 1987 թվականին ծնված տեղի բնակչուհի։ Դաչա Կովալևսկովո փողոցում հայտնաբերվել է 1968 թվականին ծնված ևս մեկ կնոջ մարմին, իսկ Ռիբալսկայա փողոցում՝ անհետ կորած 23-ամյա աղջկա դին։
Բացի զոհերից, գրանցվել են նաև երկար ժամանակ ջրի մեջ մնալու հետևանքով մարդկանց մոտ գերսառեցման դեպքեր։
Աղետի հետևանքների վերացման համար շուրջօրյա ռեժիմով աշխատում են կոմունալ ծառայությունները, փրկարարներն ու էներգետիկները՝ ավելի քան 500 աշխատակից և 85 միավոր տեխնիկա։ Այս ընթացքում հաջողվել է փրկել 362 մարդու և տարհանել 227 տրանսպորտային միջոց։
Անցած մեկ օրվա ընթացքում էներգետիկները վերականգնել են 188 բնակավայրի 112 հազար ընտանիքի էլեկտրամատակարարումը։ Ջրամատակարարումն ու գազամատակարարումն աշխատում են բնականոն հունով։ Իշխանությունները վտանգը դեռ անցած չեն համարում, քանի որ եղանակը շարունակում է մնալ անբարենպաստ և էլի տեղումներ են կանխատեսվում։
Tags
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up