ՆԳՆ-ում ստեղծվում է հանցավորության վերլուծության կենտրոն
27 NOV 2025 07:50

ՆԳՆ-ում ստեղծվում է հանցավորության վերլուծության կենտրոն
27 NOV 2025 07:50
Մինչև ընթացիկ տարվա վերջ ներքին գործերի նախարարության կազմում կձևավորվի բոլորովին նոր մասնագիտացված ստորաբաժանում՝ Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնը։ Այս նախաձեռնությունը պարզապես կառուցվածքային վերադասավորում չէ։ Այն չի ենթադրում Ոստիկանության Ինֆորմացիոն կենտրոնի մեխանիկական տեղափոխում ՆԳ նախարարության կառուցվածք, այլ իրենից ներկայացնում է հանցավորության վիճակագրության մշակման և վերլուծության գործընթացի ամբողջական վերափոխում։ Նոր ձևավորվող կառույցը, միավորելով նախկին Ինֆորմացիոն կենտրոնի գործառույթները, աշխատելու է բոլորովին նոր մեթոդների ու սկզբունքների կիրառմամբ՝ իրականացնելով նաև նոր, լրացուցիչ գործառույթներ։
Կենտրոնի առանցքային նորամուծություններից մեկը տեխնոլոգիական հագեցվածությունն է։ Այն ոչ միայն զբաղվելու է չոր վիճակագրության վարմամբ, այլև իրականացնելու է քրեաբանական վերլուծություններ՝ կիրառելով արհեստական բանականության գործիքակազմը։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը «Լուրերի» հետ զրույցում մանրամասնել է կենտրոնի գործունեության շրջանակները։ «Հետազոտական կենտրոնի ձևավորումը հնարավորություն կտա ունենալ ոչ միայն թվային, այլ նաև հանցավորության վիճակի, թիրախային ուղղությունների մասին քրեաբանական խորը վերլուծություն, ինչն առավել արդյունավետ կդարձնի հետագա կանխարգելիչ միջոցառումները»։
Նոր կենտրոնի գործառույթների մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնելու հանցագործություն կատարած անձի տվյալների հետագծելիության ապահովումը։ Սա ենթադրում է տվյալների ամբողջական շղթայի վերլուծություն՝ սկսած հանցանքի կատարման պահից մինչև քրեական պատասխանատվության ենթարկվելը և դրանից հետո ընկած ժամանակահատվածը։ Նման մոտեցումը հնարավորություն կտա մանրազնին վերլուծել իրավախախտի վարքագիծը, ինչի արդյունքում հնարավոր կլինի հստակեցնել այն թիրախները, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է տանել կանխարգելիչ աշխատանքներ։ Նոր ստորաբաժանումը չի սահմանափակվելու միայն ոստիկանական տվյալներով։
Այն դառնալու է հանրապետական նշանակության կենտրոն՝ հավաքագրելով ոչ միայն Ոստիկանության, այլև մյուս բոլոր իրավապահ մարմինների տվյալները։ Այս առումով առանցքային է լինելու կառույցի սերտ համագործակցությունը Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և այլ իրավապահ կառույցների հետ, քանի որ Կենտրոնի աշխատանքի վերջնական արդյունավետությունը մեծապես կախված է լինելու հենց այդ համագործակցության որակից և տեղեկատվության փոխանակման օպերատիվությունից։
Tags
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post comments