Արագացված՝ դեպի Եվրոպա. Միրզոյանը՝ վիզաների, Պապոյանը՝ տնտեսական աճի մասին
27 OCT 2025 15:29

Արագացված՝ դեպի Եվրոպա. Միրզոյանը՝ վիզաների, Պապոյանը՝ տնտեսական աճի մասին
27 OCT 2025 15:29
Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները գտնվում են ակտիվ զարգացման փուլում՝ ընդգրկելով ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական կարևոր ուղղություններ։ Այս մասին վկայում են արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հայտարարությունները, որոնք հնչել են Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ։
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, լավատեսական գնահատական է տվել ԵՄ հետ վիզաների ազատականացման գործընթացին։ «Եվրամիության հետ Հայաստանի վիզաների ազատականացման գործընթացը բավականին արագ է տեղի ունենում՝ ավելի, քան մի շարք այլ երկրների դեպքում է ընթացել»,- նշել է նախարարը։
Ըստ Միրզոյանի՝ գործընթացը մտել է գործնական փուլ, և մոտ ապագայում ակնկալվում է հստակ «ճանապարհային քարտեզի» համաձայնեցում։ «Եվ մենք, հուսով եմ, շատ մոտ ապագայում կտեսնենք գործողությունների համաձայնեցված պլանը, որից հետո արդեն ուղղակի պետք է կատարել այն աշխատանքները, որոնք մենք պետք է կատարենք, որպեսզի ունենանք վիզաների ազատականացումը»,- մանրամասնել է նա՝ վստահություն հայտնելով, որ հայկական կողմի «տնային աշխատանքը» պատշաճ կատարելուց հետո քաղաքացիները կզգան այս գործընթացի իրական արդյունքը։
Քաղաքական երկխոսությանը զուգահեռ՝ խորանում են նաև տնտեսական կապերը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն իր հերթին անդրադարձել է ՀՀ-ԵՄ տնտեսական հարաբերություններին՝ ներկայացնելով աճի տպավորիչ ցուցանիշներ։ Նա հայտնել է, որ 2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի և Եվրամիության միջև առևտրաշրջանառությունը կազմել է 2 միլիարդ 9 միլիոն ԱՄՆ դոլար։ «Դա նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 5,7 տոկոսով»,- ընդգծել է Պապոյանը։
Միևնույն ժամանակ, նախարարը ներկայացրել է առևտրային հաշվեկշռի կառուցվածքը, որը վկայում է ԵՄ-ից ներմուծման զգալի գերակշռության մասին։ Նշված առևտրաշրջանառության միայն 24 տոկոսն է բաժին ընկնում Հայաստանից արտահանմանը, մինչդեռ 76 տոկոսը կազմում է ԵՄ երկրներից ներմուծումը։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up