Մակրոնը Չինաստանում. Առևտուր և Ուկրաինա
Մակրոն-Սի. սեղանին առևտրային վեճերն ու Ուկրաինան
4 DEC 2025 08:51
Մակրոն-Սի. սեղանին առևտրային վեճերն ու Ուկրաինան

Մակրոն-Սի. սեղանին առևտրային վեճերն ու Ուկրաինան

4 DEC 2025 08:51
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պաշտոնական այցով ժամանել է Չինաստան, որտեղ դեկտեմբերի 4-ին հանդիպում է ունեցել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ։ Սա Մակրոնի չորրորդ պետական այցն է Չինաստան 2017 թվականից ի վեր, և այն տեղի է ունենում աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում։ Երկու առաջնորդների քննարկումների առանցքում են հայտնվել առևտրային անհավասարակշռության խնդիրները և Պեկինի հարաբերություններն ու ազդեցությունը Մոսկվայի վրա՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու համատեքստում։
Հանդիպման մեկնարկին Մակրոնն առաջադրել է «դրական օրակարգի» երեք հիմնական կետ՝ աշխարհաքաղաքական կայունություն, տնտեսական հաշվեկշռի վերականգնում և էկոլոգիական կայունություն։
«Մենք պետք է շարունակենք աշխատել հանուն խաղաղության Ուկրաինայի և աշխարհի մյուս տուժած տարածաշրջանների համար»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը՝ հավելելով, որ չնայած առկա տարաձայնություններին, անհրաժեշտ է գտնել համագործակցության մեխանիզմներ։ Սի Ծինփինն իր հերթին պատրաստակամություն է հայտնել ամրապնդել ռազմավարական գործընկերությունը՝ բացառելով արտաքին միջամտությունը։
Այցի տնտեսական բաղադրիչը ևս ծավալուն է. Մակրոնին ուղեկցում են 35 խոշոր ընկերությունների ղեկավարներ, և արդեն ստորագրվել են մի շարք պայմանագրեր։ Սակայն ֆոնը լարված է. Չինաստանի և Եվրոպայի միջև առևտրային դեֆիցիտը հասել է 357,1 միլիարդ դոլարի, ինչը ձեռնտու չէ ԵՄ-ին։ Փարիզը դժգոհ է էլեկտրոմոբիլների և պողպատի ոլորտում Չինաստանի վարած քաղաքականությունից և պահանջում է հազվագյուտ մետաղների հասանելիություն։
Քաղաքական դաշտում Ելիսեյան պալատի հիմնական ակնկալիքն այն է, որ Չինաստանը կօգտագործի իր ազդեցությունը Ռուսաստանի վրա՝ պատերազմը կանգնեցնելու համար։
Չնայած Պեկինի խաղաղասիրական հայտարարություններին, Չինաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի առանցքային տնտեսական գործընկերը և չի դատապարտել Կրեմլի գործողությունները։ Եվրոպացիները մեղադրում են Պեկինին Ռուսաստանի ռազմական մեքենան անուղղակիորեն սնուցելու մեջ։ Իրավիճակի բարդության մասին է վկայում նաև այն փաստը, որ սեպտեմբերին Սի Ծինփինը առանձնահատուկ ուշադրություն էր ցուցաբերել Վլադիմիր Պուտինին և Կիմ Չեն Ընին՝ հրավիրելով մասնակցելու ռազմական շքերթին։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post comments