Բոլոր ոլորտների զարգացման առաջին տողում կրթությունն է. Փաշինյան
13 JUL 2025 12:04

Բոլոր ոլորտների զարգացման առաջին տողում կրթությունն է. Փաշինյան
13 JUL 2025 12:04
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի բացման արարողությանը:
Երկհարկանի երաժշտական դպրոցի կառուցման շինարարական աշխատանքների համար ծախսվել է ավելի քան 344 մլն դրամ: Շենքի կառուցման ծրագիրն իրականացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը, իսկ երաժշտական գործիքներն ու տեխնիկական այլ սարքավորումները հատկացրել է կառավարությունը: Դպրոց կարող է հաճախել 230 աշակերտ։ Տարածքը նաև ցանկապատվել է, բարեկարգվել և կանաչապատվել։
Նիկոլ Փաշինյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել նվիրատու ընտանիքներին, նրանց ներկայացուցիչներին, համահայկական հիմնադրամին և կառույցի Ֆրանսիայի գրասենյակին։
«Կարծում եմ, ժամանակները, երբ ասում էինք, թե մեզ համար կրթության ոլորտի ռազմավարությունները շատ կարևոր են, արդեն անցել են, որովհետև հիմա մենք ասում ենք՝ կրթությունն է մեր ռազմավարությունը: Այսինքն՝ չկա մի ոլորտ, որի բարեփոխումների և զարգացման մեր պատկերացումների առաջին տողում կրթությունը չէ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ բոլորը՝ մանկապարտեզ հաճախող երեխայից մինչև վարչապետ, առաջնային պետք է համարեն կրթությունը և կրթվելը, որովհետև դա է զարգացումն ապահովելու ամենահուսալի և միակ ճանապարհը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրան է միտված «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը:
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up