ՀՀ և ՌԴ դատախազները քննարկել են հակակոռուպցիոն պայքարը
4 OCT 2025 06:59

ՀՀ և ՌԴ դատախազները քննարկել են հակակոռուպցիոն պայքարը
4 OCT 2025 06:59
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Պյոտր Գորոդովի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությունը Հայաստան էր ժամանել մասնակցելու Երևանում կայացած՝ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի հոբելյանական՝ 10-րդ նիստին: «Խորհուրդը ստեղծելիս ԱՊՀ անդամ պետությունները ճանաչել են, որ կոռուպցիան սպառնալիք է ցանկացած պետության անվտանգության համար, մեծ նշանակություն են տվել կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցության զարգացմանն ու ձգտել են համակարգել այն՝ գիտակցելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է համատեղ և արդյունավետ մեխանիզմներ ու ջանքեր։ Հետևաբար, ՀՀ գլխավոր դատախազության կողմից Խորհրդի նախագահությունը ստանձնելը արդյունավետ համագործակցության ևս մեկ հնարավորություն է»,- հանդիպմանը նշել է Աննա Վարդապետյանը:
ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Պյոտր Գորոդովը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին հյուրընկալության և Խորհրդի հոբելյանական նիստը բարձր մակարդակով կազմակերպելու համար, շնորհավորել է Աննա Վարդապետյանին՝ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
Հիշեցնենք, որ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ անդամ պետությունների 6 ղեկավարների կողմից 2013 թվականի հոկտեմբերի 25-ին ստորագրված՝ «Կոռուպցիայի հակազդման Միջպետական խորհրդի կազմավորման մասին» համաձայնագրի հիման վրա։ Այն հանդիսանում է ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմին և հաշվետու է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին:
Խորհրդի անդամներն են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղրղզստանի գլխավոր դատախազները, Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն, Ուզբեկստանի կոռուպցիայի հակազդման գործակալության տնօրենն ու Տաջիկստանի պետական ֆինանսական հսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրենը:
Tags
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up