Հայաստանը կատարել է իր քաղաքակրթական ընտրությունը․ Միրզոյան
30 SEP 2025 14:12

Հայաստանը կատարել է իր քաղաքակրթական ընտրությունը․ Միրզոյան
30 SEP 2025 14:12
Վարշավայի անվտանգության հեղինակավոր ֆորումը դարձավ հարթակ, որտեղ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հստակ ուրվագծեց Հայաստանի արտաքին քաղաքականության ներկան և ապագան՝ շեշտադրելով երկրի ժողովրդավարական ընտրությունը, եվրոպական ձգտումները և տարածաշրջանում խաղաղության հաստատման պատմական նշանակությունը։
«Լիսաբոնից Երևան. ուրվագծելով լայն հարևանության համար Եվրոպայի ռազմավարությունը» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը նախարար Միրզոյանի ելույթը բովանդակում էր մի շարք առանցքային ուղերձներ՝ ուղղված ինչպես եվրոպացի գործընկերներին, այնպես էլ միջազգային հանրությանը։
Քննարկումը, որին մասնակցում էին նաև Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսը և Ֆրանսիայի եվրոպական հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադը, մեկնարկեց Հայաստանի հասցեին հնչած գնահատանքի խոսքերով։
Հանդիպման վարող Զբիգնև Պիսարսկին հատուկ ընդգծեց Հայաստանի դիվանագիտության հմուտ աշխատանքը, որի գագաթնակետը դարձավ օգոստոսին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը։
Արարատ Միրզոյանն իր ելույթում առանցքային տեղ հատկացրեց Ադրբեջանի հետ ձեռք բերված խաղաղությանը՝ այն ներկայացնելով ոչ միայն որպես երկու երկրների միջև տևական հակամարտության ավարտ, այլև որպես ռազմավարական նշանակության իրադարձություն ողջ տարածաշրջանի համար։ Նա մանրամասնեց, որ կողմերը համաձայնության են եկել միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանները ճանաչելու հարցում՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։
Նախարարը շեշտեց, որ խաղաղության հաստատումը վերացնում է Եվրամիության անմիջական հարևանությամբ գոյություն ունեցող «մոխրագույն գոտին» և ստեղծում է լրիվ նոր տնտեսական ու առևտրային հնարավորություններ։ «Պատկերացրեք, երբ վերականգնվի երկաթուղային կապը Հայաստանի և Ադրբեջանի միջև, սա կարևոր նշանակություն կունենա ոչ միայն աշխարհի այդ հատվածի համար, այլև շատ ավելի մեծ տարածաշրջանի, այդ թվում՝ ԵՄ-ի համար», - նշեց Միրզոյանը՝ ընդգծելով, որ տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը կարող է դառնալ տնտեսական աճի հզոր խթան։
Ավելին, խաղաղությունը հնարավորություն է տալիս տարածաշրջանի երկրներին ամրապնդել իրենց ինքնիշխանությունը՝ նվազեցնելով կախվածությունն այլ խոշոր կենտրոններից և վարելով ինքնուրույն արտաքին քաղաքականություն։
Անդրադառնալով Հայաստանի և Եվրոպայի հարաբերություններին՝ Արարատ Միրզոյանը վիճարկեց արտաքին քաղաքականության մեջ «շահերի և արժեքների» հակադրությունը՝ այն համարելով արհեստական դիլեմա և ծուղակ։ Նա հայտարարեց, որ Հայաստանի համար Եվրոպական միությունը նախևառաջ ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության մարմնացումն է։
«Կարծում եմ՝ շահերն արժեքներն են։ Նկատի ունեմ, որ արժեքները պետք է լինեն շահերը, որովհետև, եթե դուք հարմարեցնեք ձեր քաղաքականությունն այն շահերի հետ, որոնք կարծում եք, որ նպաստավոր են ձեզ համար, այնուհետև մի օր, երկու օր, երրորդ անգամ գնալով փոխզիջման, հետքայլ եք անում ձեր արժեքներից, և այդ ժամանակ հայտնվում եք մի իրավիճակում, որտեղ, հավանաբար, ձեր իրական քաղաքականությունը հեռու է արժեքներից», - ընդգծեց նա։
Այս տրամաբանությամբ Հայաստանն արդեն իսկ եվրոպական ընտանիքի մաս է, լինելով կայացած, թեև երիտասարդ, ժողովրդավարություն։ Որպես այս քաղաքական կամքի ամենավառ ապացույց՝ նախարարը ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքը, որը ԵՄ-ին անդամակցությունը սահմանում է որպես պարտադիր պետական քաղաքականություն։ «Այսինքն՝ մեր կողմից կա քաղաքական կամք, կա օրենքով ամրագրված որոշում, և այժմ արդեն ԵՄ գործընկերներն են, որ պետք է իրենց որոշումը կայացնեն», - հայտարարեց Միրզոյանը՝ գնդակը փոխանցելով Բրյուսելի դաշտ։
Նախարարը կարևորեց նաև միջազգային գործընկերների դերակատարումը խաղաղության գործընթացում՝ շեշտելով, որ միջնորդությունը մրցակցության առարկա չպետք է լինի։ Նա առանձնահատուկ նշանակություն տվեց Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում տեղի ունեցած հանդիպմանը, որը կազմակերպել էր Ֆրանսիայի նախագահ Մակրոնը։ «Դա տեղի ունեցավ մի քանի տարի առաջ՝ հոկտեմբերի 6-ին, և հենց այդ հանդիպման ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերվեց հիմնարար համաձայնություն, համաձայնություն միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Սա հանդիսացավ անկյունաքարային իրադարձություն, ձեռքբերում», - մանրամասնեց նախարարը։
Այս համատեքստում խորհրդանշական է, որ Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ գագաթաժողովը նախատեսվում է անցկացնել Հայաստանում՝ 2026 թվականի մայիսի 4-ին, ինչը վկայում է Հայաստանի աճող դերի և հեղինակության մասին եվրոպական հարթակներում։
Քննարկման ընթացքում Ֆրանսիայի ներկայացուցիչ Բենժամեն Հադադը ևս մեկ անգամ վերահաստատեց Ֆրանսիայի աջակցությունը խաղաղության գործընթացին՝ բարձր գնահատելով Հայաստանի կառավարության ցուցաբերած խիզախությունը։
Անդրադառնալով Վրաստանի եվրոպական ճանապարհից քաղվելիք դասերին՝ Արարատ Միրզոյանը կոչ արեց չկորցնել պահը և թույլ չտալ, որ բյուրոկրատիան գերակայի քաղաքական որոշումների նկատմամբ։ «Այո, մենք պետք է լինենք ավելի համարձակ, ավելի քաղաքական և ավելի քիչ բյուրոկրատական», - եզրափակեց նա՝ հավելելով, որ Հայաստանը կշարունակի ժողովրդավարական բարեփոխումները՝ անկախ ԵՄ-ի վերջնական որոշումից, քանի որ դա բխում է հենց Հայաստանի և նրա ժողովրդի շահերից։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up