ԱՄՆ-ի B-52 ռմբակոծիչները Գերմանիայի երկնքում և Մոսկվայի պատասխանը
17 NOV 2025 14:14

ԱՄՆ-ի B-52 ռմբակոծիչները Գերմանիայի երկնքում և Մոսկվայի պատասխանը
17 NOV 2025 14:14
Լարվածությունը Բալթյան տարածաշրջանում աճում է. ամերիկյան ռազմավարական B-52 ծանր ռմբակոծիչներն արդեն մի քանի օր է՝ զորավարժություններ են անցկացնում Գերմանիայի հյուսիսային՝ Շլեզվիգ-Հոլշտայն և Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա նահանգների երկնքում։ Ի պատասխան՝ Ռուսաստանը տարածաշրջան է ուղարկել իր ռազմածովային ուժերի նավերը։
Ինչպես հայտնում է գերմանական Kieler Nachrichten պարբերականը, ամերիկյան ռմբակոծիչները մասնակցում են «Bomber Task Force Europe» առաքելությանը, որը մեկնարկել է Իսպանիայի Մորոն ավիաբազայից։ B-52-ները, որոնք ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամենահզոր ինքնաթիռներից են, սովորաբար թռիչքներ են իրականացնում Խաղաղ օվկիանոսի կամ Նևադայի անապատների վրայով, սակայն այժմ նրանց երթուղիներն անցնում են Ռյուգեն կղզու, Ռոստոկ քաղաքի և Բալթիկ ծովի ափերի երկայնքով։ Ռմբակոծիչների սպառազինության վերաբերյալ տեղեկությունները գաղտնի են պահվում։
Ըստ ԱՄՆ ռազմաօդային ուժերի հաղորդագրության՝ առաքելության նպատակն է եվրոպացի դաշնակիցների, այդ թվում՝ Ֆինլանդիայի, Լիտվայի և Շվեդիայի հետ համատեղ մարզումների անցկացումը և տարածաշրջանում «համակարգման ամրապնդումը»։ Թռիչքային երթուղիներից մեկը, օդում լիցքավորումներ իրականացնելով, հասել է գրեթե մինչև ֆինն-ռուսական սահման։
Մոսկվայի արձագանքը չի ուշացել։ Զորավարժություններին ի պատասխան՝ Գերմանիային պատկանող Ֆեմարն կղզու մոտ գտնվող միջազգային ջրերում հայտնվել են ռուսական ռազմանավեր՝ «Неустрашимый» ֆրեգատը և «Александр Шабалин» դեսանտային նավը։ Ռուսական կողմի այս քայլը դիտարկվում է որպես ուժի ցուցադրություն և ուղիղ արձագանք տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ակտիվությանը։ Այս զարգացումները լրացուցիչ լարվածություն են ստեղծում Բալթյան տարածաշրջանում, որտեղ վերջին շրջանում զգալիորեն աճել է ռազմական ակտիվությունը։
Tags
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post comments