Արարատ Միրզոյան․«Էկոակտիվիստ, թե ոչ՝ այնտեղ բոլորը մեզ ատել են, մենք էլ՝ իրենց»
27 OCT 2025 14:27

Արարատ Միրզոյան․«Էկոակտիվիստ, թե ոչ՝ այնտեղ բոլորը մեզ ատել են, մենք էլ՝ իրենց»
27 OCT 2025 14:27
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է տարածաշրջանային կարգավորման գործընթացների մի շարք առանցքային ուղղություններին՝ լավատեսություն հայտնելով Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում, իրատեսական գնահատական տալով Ադրբեջանի հետ երկխոսությանը և մանրամասներ ներկայացնելով «3+3» ձևաչափի շուրջ քննարկումներից։ Ակնկալիքներում էլ զգոշավոր լավատես է՝ կան պայմանավորվածություններ, բայց կան նաև կետեր, որոնց առումով դեռ համաձայնեցված դիրքորոշում չկա։
Ամենալավատեսական գնահատականները նախարարը հնչեցրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Նա վստահություն է հայտնել, որ երկխոսությունը մոտ ապագայում կտա տեսանելի արդյունքներ։ «Շատ ինտենսիվ երկխոսություն ունենք Թուրքիայի հետ։ Ես նաև իմ դիրքորոշումն և իմ գնահատականն ասեմ՝ ինքս շատ լավատես եմ այս առումով, և կարծում եմ, որ առաջիկայում Հայաստան-Թուրքիա երկխոսությունը պետք է որ շատ շոշափելի արդյունքներ ունենա»,- նշել է Միրզոյանը։
Այս լավատեսության հիմքում ընկած են մի քանի գործոններ։ Նախարարը հիշեցրել է, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է սահմանը բացելու և հաղորդակցությունը վերականգնելու իր պատրաստակամության մասին։ Այս համատեքստում նա դրական է գնահատել Ադրբեջանի վերջին որոշումը՝ վերացնելու Հայաստանի համար նախատեսված բեռների տարանցման արգելքը։ Ըստ նրա, սա լիովին համահունչ է «հաշտեցման, խաղաղություն կառուցելու և հարաբերություններ վերականգնելու» տրամաբանությանը։ Ի պատասխան այս քայլի, Հայաստանը ևս վերահաստատել է իր պատրաստակամությունը։
«Մենք էլ մեր կողմից, այսօր առավոտյան վարչապետն էլի կրկնեց, որ մեր կողմից պատրաստ ենք, Թուրքիայից Ադրբեջան գնացող բեռների համար և հակառակ ուղղությամբ կարող ենք մեր սահմանները բացել»,- հավելել է նա։
Արարատ Միրզոյանը կարևորել է նաև «3+3» տարածաշրջանային ձևաչափի դերը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան)։ Նա հայտնել է, որ բոլոր մայրաքաղաքներում հանդիպումներ անցկացնելուց հետո, այժմ Երևանի և Բաքվի հերթն է հյուրընկալելու հաջորդ նախարարական հանդիպումը։
«Մենք հիմա Ադրբեջանի հետ քննարկում ենք հերթականությունը»,- ասել է նա։ Նախարարը նաև նշել է, որ թեև Հայաստանը խոսում է եվրոպական ինտեգրման մասին և Եվրասիական տնտեսական միության անդամ է, «երբեք սա պակաս կարևոր չի դարձնում մեր անմիջական հարևանների հետ հարաբերությունները»։ Միևնույն ժամանակ, նա ընդունել է, որ այս հարթակում Հայաստանի և Ադրբեջանի միջև քննարկումներն անխուսափելիորեն կապվում են երկկողմ հարաբերությունների կարգավորման ավելի լայն համատեքստի հետ։ «Եթե մի բան հասնում է մեր և Ադրբեջանի քննարկմանը, իրեն առանձին վակուումով դիտարկելը մի քիչ դժվար է, ուզած-չուզած որևէ կերպ շաղկապվում է Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցերի հետ»,- եզրափակել է Միրզոյանը։
Անդրադառնալով Ադրբեջանի հետ երկխոսությանը, մասնավորապես՝ հասարակությունների միջև շփումներին, Միրզոյանը չի շրջանցել պաշտոնական կառույցներին ուղղված քննադատությունը, թե Բաքվից Երևան ժամանած քաղհասարակության պատվիրակության կազմում ինչպես է հայտնվել նաև Ժամանակին Ստեփանակերտ-Գորիս միջանցքը փակած «էկոակտիվիստը»։ Միրզոյանը նշել է, որ խաղաղության գործընթացում անհնար է ընտրել, թե դիմացի կողմից ում հետ երկխոսել։
«Էկոակտիվիստ, թե ոչ այնտեղ բոլորը մեզ ատել են, մենք էլ ստեղ բոլորս իրենց բոլորին ենք ատել։ Էդ մարդիկ ներկայացնում են էդ հասարակությունը, մենք էլ ներկայացնում ենք մեր հասարակությունը։ Հիմա հանրահռչակված է, որ ուզում ենք երկխոսել։ Էդ էլ մի բան չի, ասել ուզում եմ երկխոսեմ, բայց էն մեկի հետ չէ, էն մյուսի»,- հայտարարել է ԱԳ նախարարը՝ ընդգծելով, որ երկխոսությունը պետք է լինի հենց այն հասարակությունների ներկայացուցիչների միջև, որոնք գոյություն ունեն, այլ ոչ թե ցանկալի զրուցակիցների։
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up