Ադրբեջանով ներկրված ցորենը վտանգավոր չէ. ՍԱՏՄ հայտարարություն
14 NOV 2025 16:17

Ադրբեջանով ներկրված ցորենը վտանգավոր չէ. ՍԱՏՄ հայտարարություն
14 NOV 2025 16:17
Ադրբեջանի տարածքով Հայաստան ներկրված ղազախական ցորենի խմբաքանակը, որը հանրային լայն քննարկումների առիթ էր դարձել, արդեն իսկ ենթարկվել է անվտանգության լաբորատոր փորձաքննության և որևէ վտանգ չի պարունակում։ Այն ռադիացված կամ թունավոր չէ և կարող է օգտագործվել որպես պարենային հումք։ Այս մասին նոյեմբերի 14-ի ասուլիսում հայտարարել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) ղեկավար Տիգրան Պետրոսյանը։
Նա հավաստիացրել է, որ առաջիկայում կհրապարակվեն նաև ցորենի կարգին վերաբերող փորձաքննության արդյունքները՝ հավելելով, որ իր համար տարակուսելի է հատկապես այս խմբաքանակի շուրջ առաջացած իրարանցումը։ Ըստ Պետրոսյանի՝ ամեն օր Վրաստանի տարածքով Հայաստան է ներկրվում շուրջ 100 բեռնատար նույն որակի ցորեն, սակայն դրանք նման արձագանքի չեն արժանանում։ ՍԱՏՄ ղեկավարը հորդորել է ցորենի օգտագործման նպատակը պարզել անմիջապես ներկրող ընկերությունից։
Հանրության շրջանում տարածված մտահոգություններին, թե ներկրվել է ոչ թե պարենային, այլ անասնակերի համար նախատեսված ցորեն, անդրադարձել է ՍԱՏՄ Բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանը։ Նա ընդգծել է, որ հացահատիկի ծլած լինելը որևէ կապ չունի դրա կարգի հետ, և այդ երկու հասկացությունները պետք չէ շփոթել։ «Չգիտեմ, թե ով է որոշել, որ անասնակեր ցորեն է ներմուծվել», - նշել է նա՝ մանրամասնելով ոլորտը կարգավորող իրավական դաշտը։
Նիկոյանի խոսքով՝ ցորենի վերահսկողությունն իրականացվում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի և միջպետական ԳՕՍՏ 9353 ստանդարտի համաձայն, որն ընդունվել է 2016 թվականին։ Ըստ այդ ստանդարտի՝ 1-4-րդ կարգի ցորենը նախատեսված է պարենային, իսկ 5-րդ կարգինը՝ ֆուրաժային (անասնակեր) նպատակներով։ Սակայն, ինչպես պարզաբանել է մասնագետը, 2016 թվականին կատարվել է էական փոփոխություն. ԳՕՍՏ-ից հանվել է այն դրույթը, որը խստորեն կապում էր ցորենի կարգը դրա օգտագործման ոլորտի հետ։
«Ցավոք, 2016-ին դուրս է եկել այն դրույթը, որ 1-4-րդ կարգի ցորենը պետք է լինի պարեն, իսկ 5-րդը՝ ֆուրաժ: Այսինքն, գիտնականները գտել են, որ անհրաժեշտություն չկա կարգի հետ կապված օգտագործման կոնկրետ ոլորտ նշել: Ստացվում է, որ ցանկացած կարգի ցորեն կարելի է օգտագործել ցանկացած նպատակով», - պարզաբանել է Նիկոյանը։ Այսպիսով, ի՞նչն է որոշում՝ ցորենը պարենայի՞ն է, թե՞ ոչ։ Ըստ Արթուր Նիկոյանի՝ տարբերակումը կատարվում է ոչ թե որակական (կարգի), այլ անվտանգային ցուցանիշներով, որոնք հստակ սահմանված են ԵԱՏՄ 015 տեխնիկական կանոնակարգով։
«Գրված է, որ պարենային է համարվում այն ցորենը, որը ներկայացված անվտանգության ցուցանիշներով համապատասխանում է անվտանգության ցուցիչի պահանջին: Եթե ցանկացած կարգի ցորեն համապատասխանում է 015 տեխնիկական կանոնակարգով սահմանված պարենային ցորենին ներկայացվող անվտանգության պահանջներին, ուրեմն դա հանգիստ կարելի է օգտագործել որպես պարեն», - եզրափակել է նա։
Tags
Related Reads
Sign in or create a free ReOpen Media account to post commentsSign Up